Փաշինյանը ներկայացրել է պատերազմի ընթացքում իր սխալների վերաբերյալ դիտարկումներ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում իր սխալների վերաբերյալ դիտարկումները՝ հանրությանը կոչ անելով անել իր հետևությունները:
Փաշինյանը թեմային անդրադարձավ «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերում:
«Այսօր ուզում եմ անդրադառնալ իմ մեղքերին: Նկատի ունեմ, եթե եղել է անհաջողություն, ես ինչ-որ տեղ սխալվել եմ: Բայց եկեք հասկանանք, թե ես ե՞րբ և ինչո՞ւմ եմ սխալվել կոնկրետ այս իրավիճակի հետ կապված: Ես պետք է անկեղծ խոսեմ, դուք էլ իմ պատմածից արեք ձեր հետևությունները: Ի՞նչն եմ ես սխալ արել և ե՞րբ: Ի դեպ, ես խոսում եմ պատերազմը կանխելու տրամաբանության մեջ, այսինքն՝ որպեսզի այս պատերազմը կանխվեր: Առաջինը՝ 2018 թվականին Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելով և ծանոթանալով Ղարաբաղի հարցի շուրջ եղած բանակցային իրադրությանը, ես, ըստ էության, պետք է գայի ժողովրդին ասեի հետևյալը՝ սիրելի հայրենակիցներ, մենք ունենք այսպիսի տարբերակ: Կամ մենք 5 տարածքներ վերադարձնում ենք առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման կամ մենք ունենում ենք պատերազմ: Ինչո՞ւ չեմ ասել այն ժամանակ այդ մասին, որովհետև նախ կարևոր եմ համարել, որ փորձ անեմ, որ այդ բանակցային տրամաբանությունը որոշակիորեն փոխեմ: Եվ, ըստ էության, ստացվում է, որ ինձ չի հաջողվել այդ բանակցային տրամաբանությունը փոխել: Եվ ինչո՞ւ չի հաջողվել, որովհետև այդ թեման՝ տարածքների հանձնման թեման, միակ կոնկրետ առարկայական թեման է եղել, որ այս բանակցությունների շատ հստակ և տարընթերցումների չտվող թեզ է եղել: Սա միակ տարընթերցում չտվող թեզն է եղել ամբողջ բանակցային պատմության մեջ: Եվ, ըստ էության, կարծրացած իրողություն: Բայց եկեք պատկերացնենք մի իրավիճակ, երբ ես գալիս ասում էի, ժողովուրդ ջան, մենք ունենք այսպիսի իրավիճակ, սա է մեր ընտրությունը: Ինչու դուք ասելու էի՞ք՝ էս ինչ լավ բան ես ասում, բա ինչի շուտ չէիր ասո՞ւմ: Իհարկե, ասելու էիք, ոչ: Ես էլ լինեի ձեր տեղը էլի ասելու էի, ոչ: Եվ արդյունքում մենք ունենալու էինք նույն բանը: Եթե պատերազմն ավելի շուտ լիներ, կարծում եմ արդյունքներն ավելի վատ կլինեին բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով»,- մանրամասնեց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ երբ կային պատերազմի նախանշաններ և ինքը որոշեր, որ պատերազմը պետք է կանխվի, այդ ժամանակ էլ ասելու էր ունենք ընտրություն՝ կամ առնվազն 5 շրջան հանձնում ենք առանց ԼՂ կարգավիճակը ճշգրտելու կամ պատերազմ ենք ունենում: «Ինչո՞ւ չեմ ասել: Նախ, որովհետև ես չէի ուզում, որ մենք հանձնվենք, ես հավատում էի, որ մենք կարող ենք պայքարել մեր ժողովրդի, Արցախի ժողովրդի իրավունքների համար: Հիմա էլ եմ հավատում: Եվ երկրորդը, եթե սեպտեմբերի 1-ին կամ 2-ին գայի ասեի հիմա կամ մենք սա ենք անում կամ պատերազմ է լինում: Ի՞նչ էր ասելու հայ հանրությունը: Հայ հանրությունն ասելու էր, ոչ, մենք կգնանք, կկռվենք և կպաշտպանենք մեր ժողովրդի իրավունքները: Ակնհայտ է չէ՞, որ այսպես էր լինելու և արդյունքում մենք ստանալու էինք պատերազմ: 10 օր առաջ, երբ ցավոտ փոխզիջում արտահայտություն թույլ տվեցի, դա ահավոր վատ արձագանք ունեցավ»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ հաջորդ հարցադրումը հետևյալն է, եթե այսպես էր, ինչո՞ւ, օրինակ, պատերազմի 3-րդ օրը, 4-րդ օրը, 5-րդ օրը, 6-րդ օրը չեն փորձել կանխել դրա հետագա զարգացումը: «Նախ սկզբնական շրջանում պատերազմը բավականին հաջող էր ընթանում հայկական կողմի համար, և երկրորդը՝ պատերազմը կանխելու պայմանը նույնն էր, ռազմաճակատից իրավիճակը չէր փոխվում: Այսինքն, եթե մենք մեծ հաջողություն չէինք ունենում, ռազմաճակատի իրադրությունից դա ամենևին չէր փոխվում: Այսինքն, պայմանը նույնն էր՝ 5 տարածքի վերադարձ առանց ԼՂ կարգավիճակը ճշգրտելու և կարգավիճակի ճշգրտման հստակ մեխանիզմ չունենալու: Ինչո՞ւ չեմ եկել և դա չեմ ասել: Որովհետև ես հավատում էի, որ մենք կարող ենք պայքարել և դրա համար փորձում էի անել ինձանից կախված առավելագույնը»,- նշեց ՀՀ վարչապետը:
Փաշինյանն ընդգծեց, որ հայկական կողմը ցանկացել է բեկել պատերազմի ընթացքը և ցավոտ որոշումը կայացվել է այն պահին, երբ արդեն ակնհայտ էր, որ պատերազմը բեկելու հնարավորություն չկա:
Կարծիքներ