Մենք ցանկանում ենք հանդիպումներ ունենալ Անկարայում և Երևանում․ Չավուշօղլու

Թուրքիան ցանկանում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հանդիպումներ անցկացնել Անկարայում և Երևանում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն, գրում է Սպուտնիկ Արմենիան։
«Առաջին հանդիպումը, ինչպես հայտնի է, եղել է Մոսկվայում, երկրորդը նախատեսվում է կազմակերպել փետրվարի 24-ին Վիեննայում։ Մենք ցանկանում ենք հանդիպումներ ունենալ Անկարայում և Երևանում, սակայն հայկական կողմն ընտրել է երրորդ երկիրը։ Ոչինչ, գլխավորն այն է, որ գործընթացն ընթանում է»,-հայտարարել Է Չավուշօղլուն TRT Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Չավուշօղլուն նշել է, որ Հայաստանը պետք է օգտվի շանսից և վերանայի իր դիրքորոշումները։ Նա կրկին շեշտել է, որ «Թուրքիան Հայաստանի վերաբերյալ բոլոր քայլերը քննարկում է Բաքվի հետ, իսկ Ադրբեջանը հանդես է գալիս Հայաստանի հետ երկարաժամկետ խաղաղության օգտին»։ «Մենք միամիտ չենք։ Դրանով հանդերձ, սակայն, գիտակցում ենք վճռական քայլերի անհրաժեշտությունը», – ասել է Չավուշօղլուն։
Կարծիքներ