Մհեր Գրիգորյանը մասնակցել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ստեղծման 20-ամյակին նվիրված միջոցառմանը

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ստեղծման 20-ամյակին նվիրված միջոցառմանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ստեղծման 20-ամյակին նվիրված միջոցառմանը, որտեղ հանդես է եկել ողջույնի խոսքով:

Փոխվարչապետը, շնորհավորելով Մրցակցության պաշտպանության hանձնաժողովի նախագահին և ամբողջ անձնակազմին, նշել է, որ մրցակցության օրենսդրության և քաղաքականության մշակումն ու կիրարկումը յուրաքանչյուր երկրի համար տնտեսության դինամիկ զարգացման հիմնաքարերից են: Մհեր Գրիգորյանն ընդգծել է նաև, որ մրցակցային միջավայրի ձևավորումն ու շարունակական բարելավումը հանդիսանում է մակրոտնտեսական քաղաքականության իրականացման հենասյունը, որը բարենպաստ պայմաններ է ապահովում գործարարության, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկատիրության խթանման համար:

«Արդեն մեկ տարուց ավել է, ինչ աշխարհում բոլոր երկրները բախվել են գլոբալ մարտահրավերների՝ կապված Քովիդ-19 համավարակի տարածման հետ, ինչը լուրջ վտանգ է մարդկային կյանքերի, ինչպես նաև տնտեսությունների կայունության ու զարգացման համար։

Պետք է շեշտեմ, որ նման պայմաններում նշանակալի է մրցակցային մարմինների դերն ու գործունեությունը հատկապես սոցիալական նշանակություն ունեցող շուկաներում տիրող իրավիճակին հնարավոր հակամրցակցային գործողությունները և անբարեխիղճ մրցակցության դրսևորումները կանխարգելելու և սպառողների շահերը պաշտպանելու մասով»,- նշել է իր խոսքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Ամփոփելով խոսքը՝ փոխվարչապետը ևս մեկ անգամ շնորհավորել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ամբողջ անձնակազմին և մաղթել հետագա բեղմնավոր աշխատանքային գործունեություն՝ ի շահ Հայաստանի Հանրապետության։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում