ՀՀ յուրաքանչյուր պետական այր որևէ տառ արտասանելուց առաջ պետք է լավ գիտակցի իր խոսքի կշիռն ու հետևանքը. Աղաջանյան

ՀՀ յուրաքանչյուր պետական այր որևէ տառ արտասանելուց առաջ պետք է լավ գիտակցի իր խոսքի կշիռն ու հետևանքը. Աղաջանյան

Սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի հետ կապված այս պահին քննարկումներն ընթանում են, բայց որևէ նորություն չկա։ Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

Դիտարկմանը, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման չկայացման պատճառ Ադրբեջանը ներկայացնում է ԱԺ պատվիրակության այցն Արցախ, Աղաջանյանն ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել ադրբեջանակն կողմի հայտարարությունները:

Հարցին՝ ինչո՞ւ ՀՀ-ն պաշտոնապես չի հայտարարում, որ պաշտոնյաների այցեր Արցախ լինելու են, որովհետև դա հայկական տարածք է, և Ադրբեջանը չի կարող նման պահանջ դնել, Էդուարդ Աղաջանյանը նկատեց՝ առաջին հայացքից կարող է թվալ, թե պետք է ՀՀ-ն հայտարարություններ տարածի, որոնք առաջին հայացքից որոշ հանրային շրջանակների կողմից ընդունելի կամ ցանկալի ձևակերպումներ ունենան։

«Մենք պետք է գիտակցենք, որ ցանկացած հայտարարություն կառավարող ուժի ներկայացուցչի կողմից հղի է կոնկրետ հետևանքներով, և ՀՀ յուրաքանչյուր պետական այր որևէ տառ արտասանելուց առաջ պետք է լավ գիտակցի իր խոսքի կշիռն ու հետևանքները»,- ասաց պատգամավորը։

Այն հարցին էլ՝ կոնկրետ ո՞ր հարցի շուրջ փոխվարչապետների մակարդակով վերջին հանդիպման ժամանակ չեն կարողացել համաձայնության գալ, Աղաջանյանն ասաց, որ այդ հանդիպումները պարբերական բնույթ ունեն, և համանախագահող երկրները փորձում են գտնել երկուստեք ընդունելի լուծումներ։

Անդրադառնալով Արցախում խաղաղ բնակչի սպանության դեպքին՝ իշխանական պատգամավորն այն համարեց խնդրահարույց: «Այն բոլոր գործընթացները, որոնց ՀՀ-ն մասնակից է, առաջին հերթին միտված են նրան, որ նմանատիպ դեպքերն օր առաջ դադարեն: Սա ՀՀ կառավարության առաջնային նպատակն է, որի համար բոլոր հնարավոր գործիքակազմերն օգտագործվում են։ Բոլոր ձևաչափերով հանդիպումների առաջնային և կարևորագույն քննարկման առարկան հանդիսանում են ՀՀ-ի թե՛ սահմանային անվտանգությունն ու անխախտելիությունը, թե՛ մեր քաղաքացիների անվտանգությունը»,- վստահեցրեց Աղաջանյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում