Ինչո՞ւ պետք է գերեվարման յուրաքանչյուր դեպք քննելը նույնացվի գերիներից «ձեռք քաշելու» հետ. Գոռ Աբրահամյան

Ինչո՞ւ պետք է գերեվարման յուրաքանչյուր դեպք քննելը նույնացվի գերիներից «ձեռք քաշելու» հետ. Գոռ Աբրահամյան

«Որևէ մեկը դե՞մ է, որ ՀՀ յուրաքանչյուր զինծառայողի, յուրաքանչյուր քաղաքացիական անձի գերեվարման դեպք պետք է դառնա քննության առարկա:

Ինչո՞ւ պետք է քննության առարկա դարձնելը նույնացվի գերիներից «ձեռք քաշելու», գերիներին թշնամի հռչակելու հետ»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջւմ գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ նկատի ունենալով երեկ Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասած խոսքերին հետևած բողոքի ու դժգոհության ալիքը: Իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պետք է հատ-հատ քննության առարկա դառնա յուրաքանչյուր գերեվարման դեպք:

Այս թեմայով երեկվանից ծավալված քննադատությունները Գոռ Աբրահամյանը համարում է պրիմիտիվիզմ ու մանիպուլյացիա:

«Ինչո՞ւ է առաջ տարվում բոլոր դեպքերում միայն ու բացառապես՝ զինծառայողների ինքնակամ, գիտակցված, ճարահատ գերի հանձնվելու կանխավարկածը:

Բա մենք հենց հիմա արցախյան պատերազմին առնչվող քրեական գործեր ունենք քննվող՝ ՀՀ զինծառայողների գերեվարման հանգամանքների պարզման վերաբերյալ, որոնցով կոնկրետ անձանց նաև մեղարդանքներ են առաջադրվել ու դրա մասին նաև պաշտոնական հաղրոդագրություններ են հրապարակվել:

Ինչ է՝ չքննե՞նք՝ ելնելով նրանից, որ հանկարծ դա կարող է մեկնաբանվել որպես գերիների դեմ ուղղված բան:

Չպարզե՞նք դրանց պատճառները, պայմանները հանգամանքները՝ ողջ իրականությունը պարզելու և օբյեկտիվ քննությամբ մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար՝ անկախ նրանից դա ում մեղքով է տեղի ունեցել՝ զինծառայողի՞, նրա հրամանատարի՞, վերջինի՞ս հրամանատարի և այդպես շարունակ, թե՞ հանցավոր ոտնձգություն կատարող թշնամու:

Քննությունը և յուրաքանչյուր դեպքով իրավական գնահատականներ տալը անհրաժեշտ է նաև դրան հանգեցնող բոլոր պատճառները վեր հանելու և վերացնելու նպատակով:

Դադարեցրեք այս անմիաստ քննարկումները»,-գրել է Աբրահամյանը:

Հայկական ժամանակ

Հետևեք մեզ նաև Տելեգրամում