Բորիս Ջոնսոն. Եվրոպան բախվել է անվտանգության ամենամեծ ճգնաժամին՝ վերջին տասնամյակների ընթացքում
Եվրոպան բախվել է անվտանգության ամենամեծ ճգնաժամին՝ վերջին տասնամյակների ընթացքում, ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ նշելով, որ ռուսական ներխուժման դեպքում Ուկրաինային կարող է հետագա աջակցություն առաջարկվել, հաղորդում է AP-ը։
Վարչապետն ասել է, որ չի բացառում Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնությունը՝ զգուշացնելով, որ ռուսական ներխուժումը կհանգեցնի «լուրջ արյունահեղության»։
Բրյուսելում դաշինքի գլխավոր գրասենյակում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ իր ելույթում Ջոնսոնը Ռուսաստանին բովանդակալից բանակցությունների կոչ է արել, քանի որ «շատ ավելի լավ է քննարկումը սկսել հիմա, քան երբ աղետ տեղի ունենա»:
Մեծ Բրիտանիան արդեն մոտ 2000 հակատանկային հրթիռ է մատակարարել Ուկրաինային, եւ Ջոնսոնը հասկացրել է, որ կարող է ավելին մատակարարել:
«Ուկրաինացիները լավ պատրաստված են, կան բաներ, որ մենք առաջարկել ենք, որոնք նրանց, ըստ էության, կարծես թե պետք չեն, քանի որ նրանք կարծում են, որ եղածն արդեն բավարար է… Բայց ես ուզում եմ ընդգծել, որ իսկական աղետ կլինի, եթե բանը դրան հասնի, եւ եթե ուկրաինական հողի վրա լուրջ արյունահեղություն սկսվի»։
Նրա խոսքով, ներխուժման հնարավորության մասին հետախուզական տվյալները «մռայլ են», բայց ինքը չի հավատում, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում է կայացրել: «Ճիշտն ասած, չեմ կարծում, որ որոշումը կայացված է»,- ասել է նա։ «Մեր հետախուզությունը, վախենում եմ ասել, մնում է մռայլ: Մենք ականատես ենք լինում Ուկրաինայի հետ սահմանին մարտավարական գումարտակի հսկայական խմբավորումների կենտրոնացմանը։ Սա, հավանաբար, ամենավտանգավոր պահն է անվտանգության այն ամենամեծ ճգնաժամի մեջ, որին բախվել է Եվրոպան վերջին տասնամյակների ընթացքում»:
Կարծիքներ