ԼՂ-ի հակամարտությունը դեռ սպասում է իր վերջնական լուծմանը. Էդուարդ Աղաջանյան
ԵԱՀԿ ԽՎ տարեկան 29-րդ նստաշրջանի հուլիսի 3-ի նիստում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանն ասել է, որ կան խաղաղության գործընթաց և տարբեր ձևաչափերի հանդիպումներ հայ և ադրբեջանցի պաշտոնյաների միջև, սակայն վախենամ, որ մինչ այժմ գործընթացը չի փոխակերպվել որևէ այլ բանի՝ մնալով այդպիսին:
«Ուրախ եմ, որ Ադրբեջանի իմ գործընկերը վկայակոչում է միջազգային իրավունքը, քանի որ դա լիովին հակասում է իրենց նախագահի դիրքորոշմանը, համաձայն որի՝ միջազգային իրավունքը մեռած է: Ցավոք, ինչպես իրավացիորեն նշեց պարոն Կաշունասը, դեռևս կան մի շարք չլուծված խնդիրներ, որոնք սպասում են իրենց լուծմանը:
Հաշվի առնելով հարգանքս մեծարգո զեկուցողի նկատմամբ՝ ուզում եմ ընդգծել, որ հայկական կողմն Ադրբեջանին է հանձնել իր տիրապետության տակ գտնվող ականապատ տարածքների բոլոր քարտեզները:
Մինչդեռ, միևնույն ժամանակ, ադրբեջանական կողմը պատանդի կարգավիճակով է պահում 38 ռազմագերիների Հայաստանի հետ խաղաղության շուրջ ընթացող վերոնշյալ բանակցություններում քաղաքական որոշ առավելություն ունենալու ակնկալիքով՝ սույնով ռազմագերիներին դարձնելով սակարկության առարկա: Ադրբեջանի նախագահի ագրեսիվ հռետորաբանությունը, ֆիզիկական և հոգեբանական ոտնձգությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի բնակչության շարունակական էթնիկ զտումները, ինչպես նաև այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի պատմությունը, ինչը գործնականում նշանակում է Հայաստանի ինքնիշխան տարածքով անցնող արտատարածքային միջանցք, ընդհանուր առմամբ չեն նպաստում լարվածության նվազմանը:
Հարգելի՛ գործընկերներ, Լայնամասշտաբ պատերազմը դադարել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին, սակայն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռ սպասում է իր համապարփակ և վերջնական լուծմանը, և այս խորհրդարանական վեհաժողովը պետք է իր վճռորոշ դերը խաղա այս գործընթացում»,- նշել է նա:
Կարծիքներ