Վարչական դատավարության մի շարք գործերի քննության համար առաջարկվում է սահմանել գրավոր ընթացակարգ

Վարչական դատավարության մի շարք գործերի քննության համար առաջարկվում է սահմանել գրավոր ընթացակարգ

ՀՀ կառավարությունն առաջարկում է վարչական դատավարության մի շարք գործերի քննության համար սահմանել գրավոր ընթացակարգ: Այս մասին գործադիրի հեղինակած ««ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը խորհրդարանի նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

Գրիգորյանը նշեց, որ առաջարկվող փոփոխությունները միտված են Վարչական և Վերաքննիչ վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելուն՝ նպաստելով ողջամիտ ժամկետում գործերի քննությանը:

«Բանավոր դատաքննության անհրաժեշտությունը վերանում է հատկապես Ճանապարհային ոստիկանության կայացրած տուգանքների որոշումները բողոքարկելու և Երեւանի քաղաքապետարանի դեմ հայցերի քննության ժամանակ, որոնց դեպքում կողմերի մասնակցությունը հիմնականում չի ապահովվում: Ավելացել են նաև պետական, տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց ակտերն անվավեր ճանաչելու իրավահարաբերությունների վերաբերյալ վարչական գործերի թիվը: Գործող օրենսգրքերով վարչական գործերի քննության համար գրավոր կամ պարզեցված կարգ նախատեսված չէ, ինչը շարունակաբար հանգեցրել է դատարանների ծանրաբեռնվածության մեծացմանը: Ուստի, առաջարկվում է վերոնշյալ գործերի քննության համար վարչական դատավարությունում ներդնել գրավոր ընթացակարգ»,- ասաց Գրիգորյանը:

Օրենքի նախագիծը դրական եզրակացության է արժանացել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 7-ի նիստում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում