Նուբար Աֆեյանին շնորհվեց ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում
Հայազգի անվանի գիտնական, գործարար, բարերար Նուբար Աֆեյանին շնորհվել է ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիսավոր միջոցառումը տեղի է ունեցել ԵՊՀ «ISTC» կենտրոնում հուլիսի 7-ին:
Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը շեշտել է, որ Աֆեյանի կենսագրությունն ու գործունեությունը հայրենասիրության, պատասխանատվության, արհեստավարժության, փորձի նկատմամբ ունեցած մեծ նվիրումի, սիրո, ազնիվ ձգտումների և մարդկային բարձր որակների վառ օրինակ է:
«Վերջին շրջանում մենք ականատես ենք լինում մեծ տեղաշարժերի գիտության բնագավառում, և այս առումով բավականին մեծ էին նախորդ տարի կառավարության ջանքերը, ինչի շնորհիվ 83 տոկոսով ավելացվեց գիտության ֆինանսավորումը: Կարծում ենք, որ այս քայլը դրական կանդրադառնա երիտասարդներին գիտության մեջ ներգրավելու գործի վրա: Պարոն Աֆեյանի ջանքերն, ուղղված երիտասարդներին գիտության մեջ պահելուն, անգնահատելի և ողջունելի են: Մեծ ուրախությամբ պատրաստ ենք տարբեր հարցերում համագործակցության՝ ի շահ ԵՊՀ-ի, ի շահ ուսանողության, ի շահ պրոֆեսորա-դասախոսական կազմի»,- նշել է Հովհաննիսյանը:
Նուբար Աֆեյանն ընդգծել է, որ ուրախ և հպարտ է Երևանի ամենահզոր համալսարանի՝ ԵՊՀ-ի պատվավոր դոկտորի կոչմանն արժանանալու համար:
«Ինձ համար պարտավորեցնող է այս կոչումը: Հայաստանում կապերս քիչ են, ուրախ եմ, որ ներկա եղա և լիահույս եմ՝ ապագայում կարող ենք կապեր ստեղծել համալսարանի հետ,- ասել է Նուբար Աֆեյանը:
Միջոցառման ընթացքում Աֆեյանը հանդես է եկել ելույթով, ինչպես նաև նրա հետ կազմակերպվել է հարցուպատասխան։
Կարծիքներ