Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ կանցկացվի. Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քննարկվել են մի շարք հարցեր:
Երևանյան լճի հարակից տարածքում ավարտական փուլում են հանգստի գոտու կառուցման աշխատանքները: Այստեղ կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կառուցվում են մարզահրապարակ, ճեմուղի, հեծանվուղի, տարածքը կլուսավորվի արևային էներգիայով աշխատող՝ էներգախնայող լուսատուներով: Հանգստի գոտին կառանձնանա նաև կանաչապատման լուծումներով. կանցկացվի ոռոգման կաթիլային համակարգ, տեղանքին համահունչ կձևավորվեն քարապարտեզներ, որոնք կապահովվեն նաև գեղարվեստական լուսավորությամբ:
Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչություն մուտքագրված՝ ուշացած, ժամկետանց գրությունների քանակը հասնում է 5163-ի, որից շուրջ 3800-ը վերաբերում է ինքնակամների օրինականացմանը: Զեկուցվել է, որ վերջին շաբաթվա ընթացքում պատասխանված գրությունների թիվը հասել է 593-ի, որը քառակի ավելի է նախանցյալ շաբաթվա ցուցանիշից: Փոխքաղաքապետ Ավինյանը հանձնարարել է կազմել ժամանակացույց և հնարավորին սեղմ ժամկետում պատասխանել դիմումներին՝ գործընթացը տանելով զրոյացման:
Հրազդանի կիրճին կտրվի բնապահպանական կարգավիճակ. տեխբնութագիրն արդեն պատրաստ է, գործընթացը՝ սկսված: Քաղաքային իշխանության այս նախաձեռնությունը կարևոր նշանակություն կունենա կիրճի բնապահպանական վիճակը բարելավելու գործում:
ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի հատվածում կկառուցվի շատրվանային համալիր, կտրվեն տարածքին համահունչ լուծումներ: Ծրագիրն արդեն մեկնարկել է:
Համատիրությունների մասին օրենքում հիմնարար փոփոխություններ են նախատեսվում: Նախագիծը կդրվի շրջանառության մեջ: Գործընթացի նպատակը համատիրությունների գործառույթների ու պարտականությունների հստակեցումն է և առկա խնդիրներին համակարգային լուծումներ տալը: Համայնքը կշարունակի աջակցել համատիրություններին, որպեսզի կարողանան հաջողել, ինչը ենթադրում է հիմնարար լծակների ու ֆինանսավորման տրամաբանության փոփոխություններ:
Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ ներառելու նպատակ գույքագրվել են մայրաքաղաքում վերջին տասնամյակում տեղադրված հուշարձանները. գործընթացն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ այժմ քայլեր են ձեռնարկվում հուշարձանների տեխնիկական զննման կարգ սահմանելու համար: Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է գործընթացում ներառել նաև մայրաքաղաքում առկա հուշարձան-շենքերի խնդիրը:
Ապրիլի 29-ը հայտարարված է համապետական շաբաթօրյակ: Մայրաքաղաքը նախաձեռնությանը կմիանա «Երևան՝ իմ տուն» կարգախոսով:
Կարծիքներ