Արցախում գազամատակարարումը դեռ չի վերականգնվել. դպրոցականների արձակուրդը շուտ կսկսվի

Արցախում գազամատակարարումը դեռ չի վերականգնվել. դպրոցականների արձակուրդը շուտ կսկսվի

Արցախի Հանրապետությունում գազամատակարարման դադարեցման պատճառով առաջացած ջեռուցման խնդրով պայմանավորված` դպրոցների գարնանային արձակուրդը շուտ կմեկնարկի։

Տեղեկությունը հայտնում է Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։

«Արձակուրդը կմեկնարկի մարտի 14-ից։ 1-ին դասարանցիների արձակուրդը տևելու է մինչև մարտի 27-ը ներառյալ, իսկ 2-12-րդ դասարանցիներինը՝ մարտի 20-ը ներառյալ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Արցախում էլ, ինչպես Հայաստանում, գարնանային արձակուրդը պետք է դպրոցներում մեկնարկեր մարտի 21-ից:

Հիշեցնենք, որ ՀՀ–ից Արցախ հասնող գազատարի վնասման հետևանքով հանրապետության ամբողջ տարածքը մարտի 8-ից զրկված է գազամատակարարումից։

Գազատարի վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ Որպեսզի «Արցախգազ» ՓԲԸ-ի մասնագետները կարողանան վերանորոգման աշխատանքներ կատարել, ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են տարվում, որոնց ներգրավված են Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայացուցիչներ և անվտանգության խորհրդի գրասենյակի աշխատակիցներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում