Վրաստանում սկսվել են բազմազգ հրամանատարաշտաբային զորավարժությունները

Վրաստանում սկսվել են բազմազգ հրամանատարաշտաբային զորավարժությունները

Վրաստանում մեկնարկել են «Maple Arch 2023» բազմազգ հրամանատարաշտաբային զորավարժությունները, որոնք կազմակերպել է Կանադայի պաշտպանության նախարարությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Վրաստանի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Բազմազգ «Maple Arch 23» զորավարժություններին կանադացի հրահանգիչների հետ միասին ներգրավված են նաև վրացի հրահանգիչներ: Զորավարժություններին մասնակցում են ինը երկրների զինվորականներ: Վրաստանի պաշտպանական ուժերը ներկայացված են Արևելյան հրամանատարության տարբեր ստորաբաժանումներով և JTEC անձնակազմով», - ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ զորավարժությունների նպատակը մասնակից երկրների միջև փոխհամատեղելիության մակարդակի բարձրացումն է, գործընկեր երկրների միջև պաշտպանության ոլորտում կապերի խորացումը, ՆԱՏՕ-ի չափանիշներին մոտենալը, ինչպես նաև խաղաղապահ գործողությունների պլանավորման և իրականացման գործընթացում անհրաժեշտ հմտությունների կատարելագործումը։

Գերատեսչության տվյալներով՝ դրանք ամենամյա բազմազգ զորավարժություններ են, որոնք հերթափոխով անցկացվում են տարբեր երկրներում։ Վրաստանի պաշտպանության ուժերն այս զորավարժություններին առաջին անգամ մասնակցել են 2018 թվականին՝ գումարտակի մակարդակով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում