Հայաստանում սոցիալական, տնտեսական, քաղաքական ճգնաժամ չկա. Արարատ Միրզոյան
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը համամիտ չէ ընդդիմադիր քաղաքական գործիչների այն տեսակետի հետ, թե Հայաստանում կա սոցիալական, տնտեսական և քաղաքական ճգնաժամ:
Այս մասին Միրզոյանն ասաց խորհրդարանում Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին հարցի քննարկման ընթացքում:
«Հայաստանում սոցիալական ճգնաժամ չկա, չի եղել առավել ևս 2019թ. ընթացքում: Այս տարվա ընթացքում, իհարկե, համավարակի պայմաններում առաջացել են չնախատեսված դժվարություններ, և դրանք առ այսօր հաղթահարվել են կառավարության որդեգրած, մշակած թիրախային ծրագրերի ճանապարհով: Ընթացքում կարող է և լինեն դժվարություններ, բայց կլինեն համարժեք արձագանք, և քայլեր կառավարության կողմից»,- ասաց Միրզոյանը:
ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանում չկա նաև տնտեսական ճգնաժամ:
«Հատկապես 2019թ. Հայաստանի Հանրապետությունը կառավարության, խորհրդարանի ջանքերով մի աննախադեպ զարգացման ճանապարհ էր բռնել, որի պտուղները պետք է արդեն քաղեինք, եթե չլիներ կորոնավիրուսի այս ճգնաժամը»,- նշեց ԱԺ նախագահը:
Անդրադառնալով որոշ ընդդիմադիր ուժերի հայտարարություններին, թե Հայաստանում կա քաղաքական ճգնաժամ, Միրզոյանը նշեց, որ նման բան ևս չկա:
«Քաղաքական ճգնաժամ Հայաստանում չկա, որքան էլ որ փորձեն նման իմիտացիա ստեղծել նախկինում ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած կամ նրանց հետ փոխկապակցված անձինք՝ նրանք, որոնք մեր կառավարությունում ինքնադրսևորվելու հնարավորություն ստացան: Հայաստանի քաղաքական դաշտն ինձ հիշեցնում է մի մեծ շինհրապարակ, որտեղ պետք է ձևավորվեն նոր քաղաքական ուժեր, որոնք պետք է իրենց տեսլականը ներկայացնեն ՀՀ քաղաքացուն՝ նոր քաղաքական դաշտի վերաբերյալ: Այս «շինհրապարակում» լինելու են միայն ազնիվ քաղաքական ուժերը: Կհանդիպենք այդ ճանապարհի վերջում, եթե գաք»,- ասաց Միրզոյանը:
Ազգային ժողովը քննարկում է Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին հարցը: Ներկա են նաև կառավարության անդամները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Կարծիքներ