Հայաստանի Հանրապետության Անկախության օրվան նվիրված հանդիսավոր ընդունելություն

Հայաստանի Հանրապետության Անկախության օրվան նվիրված հանդիսավոր ընդունելություն

 

Հոկտեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ Մոսկվայում տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն:

Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն իր խոսքում շնորհավորեց ներկաներին Հանրապետության ազգային տոնի առթիվ՝ նշելով.

«Երեսուներեք տարի առաջ հայ ժողովուրդն ազատ կամարտահայտության միջոցով հայտարարեց իր պետության՝ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին։ Երեսուներեք տարի մենք ապրել ենք, սովորել և աշխատել, ուրախացել և տխրել, երազել ու սիրահարվել, կառուցել ու արարել մեր հողի վրա Հայաստանի դրոշի ներքո, և սա ամենահրաշալի բանն է, որ կարող էր պատահել մեր սերնդի հետ։

Նասիմ Թալեբն իր «Սև կարապը» գրքում գրում է. «Նշանակություն ունի հենց այն, ինչ մենք չգիտենք, քանի որ անկանխատեսելին միշտ փոխում է աշխարհն անձնական և հասարակական մակարդակներում»: Մեր ժողովրդի համար կարևոր է այն, որ մենք միշտ գիտենք՝ մեր ամենամեծ գանձը հայոց այբուբենն է: Այբ, բեն, գիմ․ այո, այս կախարդական տառերը հայերի համար միշտ և ամենուր եղել են դարման և ուժի աղբյուր»։

«ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում կայացած երկկողմ հանդիպման ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նշեց, որ 2024 թվականին մենք ակնկալում ենք Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալի՝ 16 միլիարդ ԱՄՆ դոլարի հասնող աճ։ Սա մեր կառավարությունների աշխատանքի հիանալի ցուցանիշն է։

Հայաստանի կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հանդես է եկել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ, որի իրականացումն արմատապես կփոխի տարածաշրջանի աշխարհատնտեսական լանդշաֆտը, բոլոր շահագրգիռ երկրներին հնարավորություն կտա ստանալ տնտեսական և լոգիստիկ օգուտ, կդարձնի տարածաշրջանը կայուն և դիմացկուն ժամանակակից մարտահրավերների նկատմամբ:

Հայաստանի կառավարությունը հաստատակամորեն և համառորեն վարում է իր հարևանների հետ խաղաղության հաստատման քաղաքականությունը, մոտ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը, որն անկասկած կարևոր գործոն է Հարավային Կովկասի բոլոր երկրների զարգացման համար»,- հավելեց դեսպան Արսենյանը։

Միջոցառմանը ելույթներով հանդես եկան նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկը և ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։ Հայաստանի փոխվարչապետն իր խոսքում ընդգծեց, որ հայ ժողովրդի գերխնդիրն առանցքային նպատակից մեկ քայլ անգամ չնահանջելն է. անկախությունը, ինքնիշխանությունը և պետականությունը երկրի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքում սեփական քաղաքացիների անվտանգության, ազատության և բարեկեցության ապահովման հիմնական հարթակն ու մեխանիզմն են։

«Մենք հաստատակամ ենք հետևողական քայլեր ձեռնարկել՝ ուղղված մեր երկրի հետագա հզորացմանն ու զարգացմանը, մեր ժողովրդի բարեկեցության ապահովմանը»,- ընդգծեց փոխվարչապետ Գրիգորյանը։ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ընդգծելով Հայաստանի պատմական դերը եվրասիական ինտեգրացիայի ձևավորման գործում, ինչպես նաև և հայ-ռուսական ժողովուրդների դարավոր կապը, հավելեց.

«Մենք կարևորում ենք մեր դաշնակցային և ռազմավարական հարաբերությունները Երևանի հետ։ Մեր առաջնորդները կառուցել են վստահելի երկխոսություն. միայն վերջին շաբաթների ընթացքում տեղի են ունեցել մի շարք կարևոր բանակցություններ ինչպես Երևանում, այնպես էլ Մոսկվայում։ Եվ այս սերտ համագործակցության արդյունքը մեր երկրների հարաբերությունների խորությունը բնութագրող ապրանքաշրջանառության ծավալն է»։

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Ռուդենկոն, միանալով Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ հնչած շնորհավորանքներին, ընդգծեց Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը աշխատելու երկու երկրների միջև համակողմանի համագործակցության ամրապնդման ուղղությամբ՝ համապատասխան վերջերս կայացած բարձր և բարձրագույն մակարդակի բանակցություններին։

Պատվավոր հյուրերի թվում ընդունելությանը ներկա էին նաև Ղրղզստանի Հանրապետության Նախարարների կաբինետի նախագահի առաջին տեղակալ Ադիլբեկ Կասիմալիևը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը, ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, սենատորներ, ՌԴ Պետդումայի պատգամավորներ, փոխնախարարներ, ՌԴ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ, Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Ռուս ուղղափառ եկեղեցու երևանյան-հայկական թեմի կառավարիչ արքեպիսկոպոս Ակսիյը, ուժային կառույցների ներկայացուցիչներ, հայ և ռուս հայտնի մշակութային և գիտական ​​գործիչներ, ձեռներեցներ։ Ընդունելությունն ուղեկցվել է հայ երաժիշտների կատարումներով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում