Իրանի և Ադրբեջանի միջև պետք է ճշտվի՝ ադրբեջանական ոստիկանական ուժերը մաքսայի՞ն, թե՞ ապօրինի գործողություններ են կատարում. Անդրանիկ Քոչարյան
«Դուք տիրապետո՞ւմ եք, թե հիմա սահմանի այդ հատվածը ինչպիսի անվտանգային կառուցվածք ունի, և թե ինչ խնդիր են իրականացնում սահմանային ճանապարհի այդ հատվածում ադրբեջանական, հայկական ստորաբաժանումները և ռուսական սահմանապահ ստորաբաժանումները: Նրանք կանգնած են, որպեսզի չկրակեն իրար վրա, մինչև որ լուծվեն սահմանային դեմարկացիային, դելիմիտացիային առնչվող խնդիրները»,- այսօր՝ սեպտեմբերի 17-ին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ճեպազրույցի ժամանակ, ի պատասխան լրագրողի՝ Գորիս-Կապան ճանապարհային հատվածում տեղի ունեցող գործողություններին առնչվող հարցին, ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նա նշեց, որ խոսքը ենթադրաբար Էյվազլար ճանապարհահատվածի մասին է, որտեղ ադրբեջանական ոստիկանական ուժերը վերջին օրերին գործողություններ են իրականացնում, որոնք չեն տեղավորվում սահմանային խնդիրների տրամաբանության շրջանակներում.
«Ոստիկանական ուժերը կանգնեցնում են պարսկական բեռնատար մեքենաները և գումար են վերցնում: Դա մաքսայի՞ն գործողություն է, թե՞ ապօրինի գործողություն է, ինչպես ժամանակին ԳԱԻ աշխատողներն էին անում: Իրանի և Ադրբեջանի միջև պետք է ճշտվի՝ դրանք մաքսայի՞ն, թե՞ ապօրինի գործողություններ են: Դրանք չեն վերաբերում Զանգեզուրից դեպի Հայաստանի տարածքներ տեղաշարժերին»:
Կարծիքներ