ԱՀ ԱԺ նախագահը ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին

ԱՀ ԱԺ նախագահը ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին

Մայիսի 7-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին։

Ողջունելով հյուրին՝ Արթուր Թովմասյանը բարձր է գնահատել Իշխան Զաքարյանի դերը խորհրդարանական դիվանագիտության մեջ, նաև՝ համահայկական խաղերի կազմակերպման գործում։ Այս առումով Արթուր Թովմասյանն ընդգծել է 2019թ Արցախում համահայկական խաղերի բարձր մակարդակով անցկացումը։

Հանդիպմանը խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է 2020թ աշնանային պատերազմին և հետպատերազմյան իրողություններին, ինչպես նաև Արցախի անվտանգային և սոցիալ-տնտեսական խնդիրներին։ Այս համատեքստում Արթուր Թովմասյանը կարևորել է Ռուսաստանի Դաշնության դերն ու նշանակությունը, Ռուս խաղաղապահ զորակազմի առաքելությունն Արցախում։

Զրուցակիցները մտահոգություն են հայտնել նաև Հայաստանի Հանրապետությունում տիրող իրավիճակի, տարածաշրջանային զարգացումների մասին։

Իշխան Զաքարյանը համոզված է, որ Հայաստանի և Արցախի խնդիրները չի կարելի տարանջատել։

«Աշխարհաքաղաքական այս բարդ ու անկայուն, անկանխատեսելի իրադարձություններով լի ժամանակաշրջանում կարևորում եմ մեր ժողովրդի համախմբվածությունն ու միասնականությունը», – ընդգծել է ՀՀ խորհրդարանի պատգամավորը։

Այս տեսակետից Իշխան Զաքարյանը շեշտել է խնդիրներին գրագետ, համակարգային և սկզբունքային լուծումներ տալու անհրաժեշտությունը։

Երկուստեք մատնանշվել է Ռուսաստանի Դաշնության դերը՝ որպես վստահելի դաշնակցի ու Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում