Տուժած բիզնեսին միջոցներ տրամադրելն օրհասական խնդիր է. նախարարը՝ վարչապետի ճանապարհային քարտեզի մասին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը համավարակի և պատերազմի հետևանքով տուժած բիզնեսներին լրացուցիչ միջոցներ տրամադրելը համարում է կարևոր ու օրհասական խնդիր՝ մատնանշելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած ճանապարհային քարտեզի կետերից հատկապես մեկը՝ տնտեսական ակտիվության վերականգնում, կորոնավիրուսի, պատերազմի տնտեսական հետևանքների չեզոքացում: Քերոբյանն այս մասին խոսել է «Հեռանկար»-ի շրջանակում տված հարցազրույցում:
Նախարարը համաձայնեց, որ կորոնավիրուսի և պատերազմի պատճառով տուժած բիզնեսներին աջակցություն շատ է պետք: Նա վստահեցրեց, որ օր ու գիշեր աշխատում են նրա վրա, որ գտնեն ֆինանսական միջոցներ և ավելացնեն լիկվիդայնությունը շուկայում: «Մենք խոսում ենք նոր ներդրումների մասին, բայց չպետք է մոռանանք այն բազմաթիվ բիզնեսմենների մասին, որոնք վաղուց արդեն հավատացել են Հայաստանին, արել են իրենց ներդրումները և 2020-ին իսկապես շատ են տուժել, և տուժել են ոչ թե նրա պատճառով, որ վատ բիզնեսմեն էին, այլ բացարձակ օբյեկտիվ պատճառներով: Համաճարակը ստիպել է բոլորին կանգնել, աշխարհի բիզնեսների 90 տոկոսը վատ արդյունքներ է ցույց տվել 2020-ին: Հիմա, մենք լավ հասկանում ենք, որ այդ ընկերություններին լրացուցիչ միջոցներ տրամադրելը շատ կարևոր ու օրհասական խնդիր է: Եվ դա նաև արտացոլված է վարչապետի նոյեմբերի 18-ին հրապարակած ճանապարհային քարտեզում, որտեղ ինքը մասնավորապես նշել է, որ պետք է ամեն ինչ անենք, որ տնտեսական ակտիվությունը վերականգնենք և կորոնավիրուսի, պատերազմի տնտեսական հետևանքները չեզոքացնենք»,-ասաց նախարարը:
Նա կարևորեց նաև աջակցության արագությունը՝ վստահեցնելով, որ փորձում են հնարավորինս բարձր տեմպ հաղորդել իրենց աշխատանքին: Իհարկե, չեն էլ կարող օրենքը խախտել, կան որոշակի սահմանափակումներ: Քերոբյանը, սակայն, հավատացրեց, որ թե ինքը, թե իր թիմը ամբողջությամբ հասկանում է իրավիճակի սրությունը: «Եվ փորձում ենք ուժերի գերլարումով օր առաջ մեր պրոդուկտները մտցնել շուկա, դա կարող է լինել թե փողային, թե ոչ փողային, սակայն պրոդուկտներ, որոնք կարող են այսօր էական փոփոխություններ մտցնել բիզնեսմենների և մյուս մարդկանց կյանքում»,-ասաց նա:
Կարծիքներ