Թրամփն օրական 10 000 դոլար տուգանք կվճարի. դատարանը մերժել է նախկին նախագահի միջնորդությունը
Նյու Յորք նահանգի դատարանը մերժել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությունը և ուժի մեջ է թողել վճիռն առ այն, որ Սպիտակ տան նախկին ղեկավարը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար օրական 10 000 դոլար տուգանք պետք է վճարի։ Այս մասին ուրբաթ հայտնել է CNN-ը։
Թրամփին դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար մեղավոր ճանաչելու որոշումը կայացվել է երկուշաբթի՝ նահանգի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսի խնդրանքով, որը նախկինում Թրամփից պահանջել էր մի շարք փաստաթղթեր տրամադրել իր ֆինանսական գործունեության վերաբերյալ։
Թրամփը դա չի արել, ուստի դատարանը որոշել է, որ նա պետք է օրական վճարի 10 000 դոլար՝ մինչև փաստաթղթերի ներկայացումը։ Չորեքշաբթի Թրամփի փաստաբանը բողոք է ներկայացրել այս որոշման դեմ՝ կցելով Սպիտակ տան նախկին ղեկավարի ցուցմունքը, որում նա նշում է, որ չունի անհրաժեշտ փաստաթղթեր։
Ապրիլի սկզբին Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազը հայտարարել էր Թրամփին պատասխանատվության ենթարկելու մտադրության մասին՝ նրան պատկանող Trump Organization-ում ենթադրյալ ֆինանսական խարդախության գործով:
Կարծիքներ