Ի՞նչ առավելագույն ջերմաստիճանի կարող է դիմանալ մարդու օրգանիզմը
Ջերմաստիճանի գլոբալ բարձրացումը գիտնականներին ստիպել է պարզել, թե ինչ առավելագույն ջերմաստիճանի կարող է դիմանալ մարդու օրգանիզմը։ Այս մասին հայտնում է Planet-today-ը՝ հղում անելով Live Science-ին:
Մինչև որքա՞ն առավելագույն ջերմաստիճանի կարող է դիմանալ մարդը: ՆԱՍԱ-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիաների աշխատակիցները հայտնում են, որ դա 35 աստիճանն է՝ ըստ Ցելսիուսի: Կարեւոր է նշել, որ խոսքը խոնավ ջերմաչափի ջերմաստիճանի մասին է, որը տալիս է օդի ջերմաստիճանի հետ չհամընկնող ցուցանիշներ: Խոնավ ջերմաչափի ջերմաստիճանը չափվում է խոնավ շորով ծածկված ջերմաչափով եւ, համապատասխանաբար, ցուցանիշը կախված է ինչպես ջերմությունից, այնպես էլ խոնավությունից: Սա կարեւոր է, քանի որ ուժեղ խոնավության դեպքում քրտինքը ավելի վատ է գոլորշիանում մարմնից, ինչը հանգեցնում է օրգանիզմի գերտաքացման:
«Երբ խոնավության եւ ջերմաստիճանի ցուցանիշները չափազանց բարձր են, խոնավ ջերմաչափի ջերմաստիճանը կարող է դառնալ կրիտիկական՝ մարդու մարմինը չի կարող սառչել, ուստի անհնար է դառնում կարգավորել ներքին ջերմաստիճանը»,- ասում է ՆԱՍԱ-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիայի աշխատակից Քոլին Ռեյմոնդը:
Նշենք, որ եթե օդի ջերմաստիճանը կազմում է 46 աստիճան, իսկ հարաբերական խոնավությունը պահպանվում է 30 տոկոսի սահմաններում, ապա խոնավ ջերմաչափի ջերմաստիճանը կլինի 30,5°C, ինչը ընդունելի է: Բայց եթե 39°C-ի դեպքում խոնավությունը բարձրանա մինչեւ 77 տոկոս, խոնավ ջերմաչափի ջերմաստիճանը կդառնա կրիտիկական: Հայտնվելով նման պայմաններում՝ մարդը կյանքի համար վտանգավոր հիպերթերմիկ վիճակում կլինի:
Կարծիքներ