ԲՏԱ նախարարությունում Իսպանիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընդլայնման, փորձի փոխանակման հնարավորությունները
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մայիսի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսին։
Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են Հայաստանում տիեզերական ոլորտի զարգացմանն առնչվող մի շարք հարցերի, այդ ուղղությամբ երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ։
Մասնավորապես անդրադարձ է կատարվել «Գեոկոսմոս» ընկերության գործունեությանը, իսպանական «Սատլանտիս» ընկերության կողմից տիեզերք արձակված Armsat-1 հայկական արբանյակին ու այդ ուղղությամբ արդեն իսկ իրականացված աշխատանքներին, «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա հիմնադրամի ստեղծած և տիեզերք արձակված հայրենական առաջին Hayasat-1 արբանյակին։
Կողմերը քննարկել են նաև միկրոէլեկտրոնիկայի, արհեստական բանականության, ինտերնետ կապի, ստարտափ էկոհամակարգի զարգացման, և մի շարք այլ ուղղություններով գործակցության ընդլայնման, փորձի փոխանակման հնարավորությունները։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում տեսակապի միջոցով կազմակերպել հանդիպում՝ երկու երկրների ոլորտային մասնագետների միջև համագործակցության շուրջ ավելի առարկայական քննարկում անցկացնելու համար։
Կարծիքներ