Լիլիթ Մակունցը ՀՀ-ում հավատարմագրված մի խումբ դեսպանների ներկայացրել է Ադրբեջանի սադրիչ քայլերը

Լիլիթ Մակունցը ՀՀ-ում հավատարմագրված մի խումբ դեսպանների ներկայացրել է Ադրբեջանի սադրիչ քայլերը

Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված մի խումբ դեսպանների հետ հանդիպման ընթացքում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ներկայացրել է վերջին օրերին ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուղղված Ադրբեջանի քայլերը, Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից իրականացվող դիվերսիոն գործողությունները, որոնք պետք է միջազգային հանրության կողմից արժանանան համարժեք արձագանքի: «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից: 

 

«Չնայած միջազգային հանրության կողմից հնչող կոչերին՝ Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական և սադրիչ պահվածքը՝ վտանգելով տարածաշրջանային փխրուն կայունությունը, ուստի մենք ևս մեկ անգամ դիմում ենք մեր միջազգային գործընկերներին ակտիվ միջամտության ակնկալիքով։ Ստեղծված իրավիճակի կայունացումն ու հանգուցալուծումը հնարավոր է միայն հստակ ջանքերի գործադրմամբ, որի հիմքում պետք է լինի ադրբեջանական ոտնձգությունների խստիվ դատապարտումը և կառուցողական դաշտ վերադարձնելը»,- ասել է Մակունցը։

 

Լիլիթ Մակունցը ևս մեկ անգամ շեշտել է, որ գերեվարված զինծառայողների վերադարձը և ադրբեջանական զինված ստորաբաժանումների հեռացումը Հայաստանի Հանրապետության տարածքից պետք է լինի անհապաղ ու առանց նախապայմանների։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում