Անհրաժեշտ է կենտրոնանալ` փորձելով պահպանել ԵԱՏՄ երկրների միջև առկա առևտրաշրջանառության տեմպը. Նիկոլ Փաշինյան
Աշխատանքային այցով Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում գտնվող Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին մասնակցող կառավարությունների ղեկավարները հանդիպել են Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ:
Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, պատվիրակությունների ղեկավարներին դիմավորել է Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը և նրանց ուղեկցել հանդիպման սրահ:
Ղրղզստանի նախագահը ողջունել է կառավարությունների ղեկավարներին և հույս հայտնել, որ Չոլպոն-Ատայում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կանցնի արդյունավետ` ի նպաստ հետագա համագործակցության զարգացման:
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ղրղզստանի նախագահին ջերմ ընդունելության համար և նշել.
«Սպասվում է կարևոր նիստ, ունենք մեծ և հագեցած օրակարգ` կարևոր հարցերի շուրջ: Հույս ունեմ, որ մեզ կհաջողվի հանգել կոնկրետ որոշումների և հնարավորինս քիչ աշխատանք թողնել Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստին:
Կարող եմ նշել, որ Եվրասիական տնտեսական տարածքում բացասական կանխատեսումներն իրականություն չդարձան, հակառակը` հաստատվեց իրավիճակի մեր ընկալումը, քանի որ մենք հստակ ֆիքսել էինք, որ պանդեմիայից հետո ստեղծված իրավիճակը, իհարկե, իր հետ բերում է նոր մարտահրավերներ, սակայն նաև ստեղծում է նոր հնարավորություններ: Ուրախ եմ, որ մենք կենտրոնացել ենք այդ օրակարգի վրա, որի նպատակն է` կառավարել մարտահրավերները և օգտագործել այն հնարավորությունները, որոնք ստեղծվում են:
Երբ նայում ենք Եվրասիական տնտեսական միության շրջանակում առևտրաշրջանառության թվերին` տեսնում ենք, որ կան աճի մեծ ցուցանիշներ` համեմատ 2021 թվականի հետ: Իհարկե, սա պետք է արձանագրել, բայց չպետք է հանգստանալ, քանի որ դժվար ժամանակները, ցավոք, չեն ավարտվել: Անհրաժեշտ է կենտրոնանալ` փորձելով պահպանել ԵԱՏՄ երկրների միջև առկա առևտրաշրջանառության տեմպը: Վստահ եմ, որ արդյունավետ կաշխատենք և ընդունվելիք որոշումներն օգտակար կլինեն մեր քաղաքացիներին, երկրներին և Միությանը»:
Կարծիքներ