Նախորդ տարի իրականացվել է շուրջ 605 սուբվենցիոն ծրագիր. ՀՀ-ում կառուցվել և նորոգվել է 565 կմ ճանապարհ
2021 թվականի ընթացքում ոլորտում իրականացվել են շուրջ 565 կմ ընդհանուր երկարությամբ միջպետական, հանրապետական, տեղական և այլ նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հիմնանորոգման, միջին նորոգման, վերակառուցման և կառուցման աշխատանքներ:
Այս մասին նշված է ՀՀ կառավարության 2021թ.-ի հաշվետվությունում։
Հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված՝ բնակչության անվտանգությունն ու կենսական կարիքներն ապահովելու նպատակով 2021 թ.-ին Սյունիքի մարզում մեկնարկել են այլընտրանքային ճանապարհների կառուցման և վերակառուցման աշխատանքներ։ Մասնավորապես, նախատեսվում է կառուցել Լծեն-Տաթև (19,9 կմ), Որոտան-Խոտ (10,3 կմ), Հ-46 (Քաշունի գյուղի խաչմերուկից) - Բարձրավան (8,7 կմ), Տանձավեր-Շուռնուխ (13,2 կմ), Կապան-Ճակատեն շրջանցիկ (7,8 կմ), Լծեն-Շամբ (6,19 կմ), Վերին Խոտանանը շրջանցող (մոտ 11 կմ) շուրջ 77 կմ երկարությամբ ճանապարհներ, որոնց մասով 2021 թվականի ընթացքում իրականացվել են շուրջ 41 կմ հողային պաստառի կառուցման աշխատանքներ:
2021թ.-ին Կառավարությունը շարունակել է համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների տրամադրման գործընթացը։ 2021թ.-ին հաստատվել է թվով 678 սուբվենցիայի ծրագրային հայտ, որից շուրջ 620 ծրագրի շրջանակներում ավարտվել են աշխատանքների իրականացման մրցութային գործընթացները և սկսվել շինարարական աշխատանքներն ու գույքի և տեխնիկայի ձեռքբերման գործընթացները։ 2021 թվականին իրականացվել են նաև 2020 թվականին սկսված, սակայն չավարտված ծրագրերը։
Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվել, վերանորոգվել ու կառուցվել են ևս 113 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհներ: 2021 թվականին Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Թալին-Գյումրի ճանապարհահատվածում իրականացվել է շուրջ 50 կմ երկշերտ ասֆալտապատում, որի շնորհիվ Թալին քաղաքը շրջանցող նորակառույց ճանապարհը բացվել է երթևեկության համար:
Ընդհանուր առմամբ, 2021 թ.-ին իրականացվել է շուրջ 605 սուբվենցիոն ծրագիր, ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորումը կազմել է շուրջ 13,7 մլրդ դրամ։ Նշված 605 ծրագրերից.
251-ը 2019-2020 թթ.-ին հաստատված ծրագրերն են, որոնց համար ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորումը կազմել է շուրջ 6,5 մլրդ դրամ,
354-ը՝ 2021 թ.-ին հաստատված ծրագրերն են, որոնց համար ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորումը կազմել է շուրջ 7,1 մլրդ դրամ։
Կարծիքներ