Կառավարության աջակցությամբ կտրամադրվեն մատչելի վարկեր տան վերանորոգման համար. գործընթացի մեկնարկը տրված է
ՀՀ կառավարության աջակցությամբ իրականացվող պետական ծրագրի շրջանակում Հայաստանի քաղաքացիների համար հասանելի կլինեն ամբողջական կամ մասնակի փոխհատուցվող վարկային առաջարկները՝ ուղղված բնակարանների, անհատական տների էներգաարդյունավետ վերանորոգմանը: Ընթացակարգային գործընթացները մոտենում են ավարտման փուլին, և մոտ օրերս քաղաքացիները հնարավորություն կունենան արդեն դիմելու և մատչելի վարկեր ստանալու:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը, ներկայացնելով ծրագրի մանրամասները, նշեց, որ սուբսիդավորման պարագայում սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիների համար վարկը կլինի 0 տոկոս, այսինքն՝ առանց տոկոսի: Սահմանամերձ բնակավայր չհանդիսացող գյուղական բնակավայրերի համար վարկը կլինի 2 տոկոս, քաղաքային բնակավայրերի համար՝ 3 տոկոս, Երևանի բնակիչների համար՝ 5 տոկոս:
Ըստ ծրագրի՝ վարկի բանկային տոկոսադրույքը 14 տոկոս է, որի զգալի մասը կամ ամբողջությամբ, կախված բնակավայրից, պետությունը սուբսիդավորում է: Բազմաբնակարան շենքերի բնակարանների համար նախատեսված է առավելագույնը 7 մլն դրամի վարկ, իսկ անհատական տների համար՝ 10 մլն դրամ:
Վարկի մարման առավելագույն ժամկետ է սահմանվել 7 տարի: Ի՞նչ նկատի ունենք վերանորոգում ասելով և ի՞նչ է իրենից ենթադրում էներգաարդյունավետ վերանորոգման բաղադրիչը: «Խոսքը տների ընթացիկ վերանորոգման ու ներքին հարդարման աշխատանքների մասին է, որոնք պետք է ուղեկցվեն էներգաարդյունավետության միջոցառումներով: Օրինակ, անհատական տների համար արտաքին պատերի ջերմամեկուսացում՝ տանիք, նկուղ և այլն: Դրանից բացի, դռների լուսամուտների փոխարինում, այլընտրանքային էներգիայի աղբյուրների ձեռքբերում տեղադրում, արևային պանելների մասին է խոսքը, էներգախնայող ջեռուցման համակարգ և այլն: Ամեն ինչ, ինչը էներգախնայող է»,-ասաց Տանյա Արզումանյանը:
Ծրագրում չեն կարող ընդգրկվել այն տները, բնակարանները, որոնք վթարային են: Հետևաբար, քաղաքացիները վարկ վերցնելիս պետք է ներկայացնեն նաև լիցենզավորված կազմակերպության կողմից տրված եզրակացություն տան տեխնիկական վիճակի վերաբերյալ: Կենտրոնական բանկի նախագծերի ղեկավար Դավիթ Կիրակոսյանի խոսքով, ծրագրից օգտվելու համար նախատեսված է բանկից վարկ վերցնելու դասական գործընթաց: Ոչ մի արտոնություն չի սահմանվում, պարզապես վարկը ձևակերպելուց հետո պետությունը մասնակի կամ ամբողջությամբ սուբսիդավորում է վարկի տոկոսադրույքը: «Ստանդարտ վարկային պրոդուկտ է լինելու:
Բանկերը, վարկային կազմակերպությունները գնահատելու են հաճախորդների վարկունակությունը՝ եկամուտների բավարար մակարդակ, վարկային պատմություն, համավարկառուների շրջանակ և այլն: Գրավի անհրաժեշտության հարցն ազատ ենք թողել, դա պարտադիր պայման չէ՝ կախված անձի վարկունակությունից: Վարկային գումարը նախատեսված է տրամադրվել թե միանգամից, թե փուլային տարբերակով»,-ասաց Դավիթ Կիրակոսյանը: Ինչպե՞ս և ո՞ր կառույց է իրականացնելու վերահսկողությունը: Դավիթ Կիրակոսյանը նշեց, որ վերահսկողությունը վերապահված է ֆինանսական կազմակերպություններին: Կան նաև ընտրանքային մոնիթորինգի հնարավորություն նաև պետական կառույցների կողմից:
Վարկը տրամադրվելու է բացառապես անկանխիկ եղանակով, ծախսերի առնվազն 80 տոկոսը պետք է փաստաթղթային հիմնավորում ունենա, էներգաարդյունավետ աշխատանքներին ուղղված ծախսերը պետք է փաստաթղթային հիմնավորված լինեն 100 տոկոսով: Ընդհանուր առմամբ, գործընթացի մեկնարկը տրված է, պատասխանատուները հորդորում են ցանկացողներին արդեն սկսել փաստաթղթային հարցրերը լուծել, մինչ բանկերին, ֆինանսական կազմակերպություններին դիմելու ժամկետների մասին հայտարարելը:
Կարծիքներ