Վահագն Խաչատուրյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ուղղությունները
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։
Այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, նշելով, որ Վահագն Խաչատուրյանը դեսպանի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված բարեկամական և համագործակցային հարաբերություններին, հետագա գործակցության ուղղություններին և հնարավորություններին։
Նախարարը նշել է, որ ՀՀ կառավարության գործունեության հիմքում զարգացած տեխնոլոգիական Հայաստան ունենալու տեսլականն է, որի ուղղությամբ աշխատանքներ է իրականացում նախարարությունը։
Վահագն Խաչատուրյանի խոսքով՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում Ֆրանսիան առաջնային դերակատարություն ունի աշխարհում, և Հայաստանում նոր տեխնոլոգիաների, արտադրության, մասնագետների վերապատրաստման ֆրանսիական փորձը ներդնելը և կիրառելը կարևոր նշանակություն կարող է ունենալ մեր երկրի համար։
Դեսպան Անն Լույոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերություններն առանձնահատուկ են, և դեսպանությունը պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում ձեռնարկել անհրաժեշտ քայլեր խորացնելու, առաջ մղելու և ավելի համակարգված համագործակցություն իրականացնելու՝ ի նպաստ հայ ժողովրդի և Հայաստանի զարգացման։
Դեսպանը նշել է, որ բարձր տեխնոլոգիաների զարգացումը ՀՀ կառավարության ռազմավարության առաջնահերթություններից է, և ուրախ կլինի, եթե Ֆրանսիան կարողանա օգտակար լինել այդ ռազմավարության իրականացման ճանապարհին։ Նա նաև ընդգծել է, որ DigiWeek2021 միջոցառումների շրջանակում տեղի ունեցած DigiТec Expo 2021 ցուցահանդես այցելության ընթացքում ծանոթանալով հայկական ստարտափներին և ոլորտային ընկերություններին՝ արձանագրել է, որ Հայաստանում առկա է մեծ ներուժ, որը, մասնավորապես Ֆրանսիայում, պետք է զարգացնել և ճանաչելի դարձնել։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Ֆրանսիայի կողմից Հայաստանին նվիրաբերած սուպեր համակարգիչը Երևան տեղափոխելու ժամկետներին, «Ինժեներական քաղաք» ծրագրին, ստարտափների զարգացման համար Հայաստանում իրականացվող աշխատանքներին։
Նախարարը դեսպանին է ներկայացրել ստարտափների զարգացման ուղղությամբ իրականացվող պետական քաղաքականությունը, որի կարևոր բաղադրիչներից մեկը Ազգային վենչուրային հիմնադրամի ստեղծումն է։
Կողմերը քննարկել են նաև համագործակցության ակտիվացման մի շարք հնարավորություններ՝ մասնավորապես տիեզերական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, թվայնացման, տեխնոլոգիական կրթության ուղղություններով և մի շարք այլ ուղղություններով։
Կարծիքներ