Առաջարկվում է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով

Առաջարկվում է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով

E-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում այսօր շրջանառության մեջ է դրվել կառավարության որոշման նախագիծ՝ «Վարժական հավաքներ հայտարարելու մասին», ըստ որի նախատեսվում է 2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնել։ 

Առաջարկվում է հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով։

Հավաքի նպատակն է՝ քաղաքացիների ռազմական ունակությունները կատարելագործելը, մասնագիտական պատրաստումն ու վերապատրաստումը, նաև բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստումը։
Առաջարկվում է վարժական հավաքներին ներգրավվել մինչև 869 քաղաքացու, որոնցից 576–ը` շարքային կազմի, 107-ը` ենթասպայական կազմի, 186-ը` սպայական կազմի պահեստազորայիններ։

Վարժական հավաքներին կներգրավվեն զինվորական 10 մասնագիտություններով պահեստազորայիններ։

Մոտոհրաձգային մասնագիտությունով կվերապատրատվի մինչև 98 պահեստազորային, հրթիռահրետանայինով՝ մինչև 400, հակաօդային պաշտպանության մինչև 13, կապի մասնագիտություններով՝ 75 պահեստազորային, հետախուզական մասնագիտություններով մինչև 149, ռադիոէլեկտրոնային պայքարի մինչև 14, ինժեներական մինչև 24, տեխնիկական՝ 67, թիկունքային՝ մինչև 22 և տեղագրական մասնագիտությունով մինչև 7 պահեստազորային։

Նախաձեռնությունն առայժմ որոշման նախագծի կարգավիճակում է, կառավարության հավանությանն արժանանալուց հետո սույն որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում