Պատմական խաչմերուկի առաջ ենք կանգնած. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Փարիզի խաղաղության 6-րդ համաժողով»-ի շրջանակում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ մասնակցել է «Համագործակցությունը մրցակցության պայմաններում, խաղաղության կերտում և ավելի ապահով աշխարհի կառուցում» թեմայով պանելային քննարկմանը:
Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.
«Հարգելի վարչապետ Ղարիբաշվիլի,
Հարգելի մոդերատոր,
Փարիզի խաղաղության 6-րդ ֆորումի հարգելի մասնակիցներ,
Առաջին հերթին ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել նախագահ Մակրոնին՝ ֆորումի հրաշալի կազմակերպման, ջերմ հյուրընկալության և հրավերի համար։
Ֆորումի փաստաթղթերի հիմնական արձանագրություններից մեկն այն է, որ աշխարհում 2 միլիարդ մարդ ապրում է հակամարտություններից տուժած շրջաններում: Հայաստանի Հանրապետության տեսանկյունից, ավելի ճշգրիտ կլինի այդ նախադասությունը ձևակերպել հետևյալ կերպ՝ էթնիկ զտումների հետևանքով 500 հազարից ավելի հայեր այլևս հնարավորություն չունեն ապրելու իրենց հայրենիքում։
500 հազարն Ադրբեջանից բռնի տեղահանված ու էթնիկ զտումների հետևանքով փախստական դարձած հայերի թիվն է։ Նրանցից մոտ 360 000-ը բռնի տեղահանվել են Ադրբեջանից 90-ականների սկզբից՝ Սումգայիթի ու Բաքվի ջարդերի և հայատյացության հետևանքով։ Այդ ժամանակից ի վեր հայատյացությունն Ադրբեջանում պետական քաղաքականություն է։
Իսկ մինչ այդ, Խորհրդային Միության օրոք, վարչական և հոգեբանական ճնշումների պատճառով հայերը ստիպված էին լքել Նախիջևանը և Ադրբեջանի շատ այլ տարածքներ։
2020 թ.-ի 44-օրյա պատերազմի ընթացքում շուրջ 26000 հայ լքել է Լեռնային Ղարաբաղը: Իսկ սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ հարձակման և էթնիկ զտումների հետևանքով մեկ շաբաթվա ընթացքում շուրջ 105 000 հայեր ստիպված են եղել լքել Լեռնային Ղարաբաղը:
Մենք երկար ժամանակ ահազանգել ենք միջազգային հանրությանը, որ նման հեռանկարը գնալով ավելի ու ավելի իրատեսական է դառնում՝ հատկապես 2022 թվականի դեկտեմբերին Լաչինի միջանցքի անօրինական շրջափակումից հետո։
Բայց միջազգային հանրությունը համարժեք միջոցներ չձեռնարկեց, և մենք չենք կարող մեղադրել այն մարդկանց, ովքեր պնդում են, որ հայերի բռնի տեղահանումը Լեռնային Ղարաբաղից տեղի է ունեցել որոշ միջազգային խաղացողների լուռ կամ կուլիսային համաձայնությամբ։
Այնուամենայնիվ, հարգելի մասնակիցներ, ես չեմ եկել խաղաղության այս ֆորումի ընթացքում խոսելու պատերազմի մասին։ Ես եկել եմ խոսելու խաղաղության մասին, թեև Ադրբեջանը սկսել է Հայաստանի Հանրապետությանն անվանել «Արևմտյան Ադրբեջան»՝ հայերի էթնիկ զտման իր պլանի նվազագույնն իրագործելուց հետո։
Ադրբեջանի դպրոցներում, բուհերում, ԶԼՄ-ներում քարոզվում է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը, որը Հայաստանի Հանրապետության դեմ նոր պատերազմ նախապատրաստելու հայեցակարգ է։
Եվ այս ամենը կատարվում է՝ չնայած այն բանին, որ մենք, կարծես, մոտ ենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, չնայած այն հանգամանքին, որ վերոնշյալ խնդիրները լուրջ հարցեր են առաջացնում Ադրբեջանի անկեղծության վերաբերյալ։
Բայց դա չի սասանում մեր հավատարմությունը խաղաղության օրակարգին, և մենք հույս ունենք, որ առաջիկա ամիսներին կստորագրենք խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ՝ հիմնվելով Բրյուսելում կայացած բանակցություններում համաձայնեցված հետևյալ երեք սկզբունքների վրա.
Սկզբունք համար 1. Հայաստանն ու Ադրբեջանը լիովին ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հիմնվելով այն գիտակցության վրա, որ Հայաստանի տարածքը զբաղեցնում է 29,800 կմ քառակուսի, իսկ Ադրբեջանինը՝ 86,600 կմ քառակուսի տարածք։
Սկզբունք համար 2. Հայաստանն ու Ադրբեջանը հաստատում են իրենց անվերապահ հավատարմությունը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես սահմանազատման քաղաքական շրջանակ:
Ի գիտություն ձեզ, Ալմա-Աթայի հռչակագիրը ստորագրվել է Խորհրդային Միության 12 հանրապետությունների կողմից 1991թ. դեկտեմբերի 21-ին: Այդ հռչակագրով նախկին ԽՍՀՄ 12 հանրապետությունները, ներառյալ Ադրբեջանը և Հայաստանը, ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, գոյություն ունեցող վարչական սահմանների անձեռնմխելիությունը, հետևաբար Խորհրդային Միության հանրապետությունների միջև գոյություն ունեցող վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ։
Սկզբունք համար 3. Տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման ապագա տրանսպորտային կարգավորումները հարգելու են բոլոր երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքները:
Մենք այս սկզբունքների շուրջ պայմանավորվածությունը ձեռք ենք բերել Բրյուսելում Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունների ընթացքում, և այդ պայմանավորվածություններն արձանագրվեցին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարություններում՝ 2023 թվականի մայիսի 14-ի և հուլիսի 15-ի եռակողմ հանդիպումներից հետո։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նույնպես իրենց աջակցությունն են հայտնել այս սկզբունքներին, որն արտահայտված է Շառլ Միշելի, Օլաֆ Շոլցի, Էմանուել Մակրոնի և իմ կողմից ստորագրված Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ։
Եվ եթե Ադրբեջանը չմերժի այդ սկզբունքները, դա կնշանակի, որ առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը շատ իրատեսական է դառնում։ Ցավոք, Ադրբեջանի նախագահը հրաժարվեց մասնակցել անցյալ ամիս Գրանադայում կայացած հնգակողմ հանդիպմանը։
Հոկտեմբերին Բրյուսելում նախատեսված եռակողմ հանդիպումը չկայացավ, և ես հաջորդ հանդիպման հրավեր չեմ ստացել Շառլ Միշելից։ Հուսով եմ, որ ԵՄ մեր գործընկերները հավատարիմ են իրենց պարտավորություններին:
Ֆորումի հարգելի մասնակիցներ,
Մեր տարածաշրջանը՝ Հարավային Կովկասը, խաղաղության կարիք ունի, որն այնպիսի իրավիճակ է, որտեղ տարածաշրջանի բոլոր երկրներն ապրում են բաց սահմաններով, կապված են ակտիվ տնտեսական, քաղաքական, մշակութային կապերով, կուտակել են բոլոր հարցերը դիվանագիտության և երկխոսության գործիքներով լուծելու փորձ ու ավանդույթ։
Առանց տրանսպորտային հաղորդակցությունների վերաբացման՝ նման իրավիճակ ապահովելը շատ դժվար կլինի, և դա հաշվի առնելով՝ ՀՀ կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
Սա մեր տարածաշրջանային երկրները, այդ թվում՝ Ադրբեջանը, Հայաստանը և Թուրքիան, երկաթուղիներով, ճանապարհներով, մալուխներով, գազատարներով, էլեկտրահաղորդման գծերով կապելու կամ գոյություն ունեցող կապերն ամրապնդելու ծրագիր է։ Ինչպես գիտեք, մենք ներկայումս չունենք գործող ճանապարհներ, գործող երկաթուղիներ, մալուխներ, խողովակաշարեր կամ էլեկտրահաղորդման գծեր ո՛չ Թուրքիայի, ո՛չ Ադրբեջանի հետ, և առաջարկում ենք դրականորեն փոխել իրավիճակը։
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծն օգուտ կբերի նաև Վրաստանին և Իրանին, այդ թվում՝ երկկողմանի, ինչպես նաև Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի հետ կապերի ամրապնդման առումով։ Մանրամասները ներկայացված են մեր «Խաղաղության խաչմերուկ» գրքույկում, որը բաժանվել է ձեզ, և հուսով եմ, որ մենք կկարողանանք իրականացնել նախագիծը՝ որպես մեր տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղության երաշխիք։
Այս նախագծի իրականացումը շահավետ կլինի ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև միջազգային առևտրի, կապի և կայունության համար։ Եվ ես աջակցության հույս ունեմ ոչ միայն տարածաշրջանային երկրներից, այլ ընդհանրապես՝ միջազգային հանրության կողմից։ Միանշանակ, մենք շատ կարևոր, կարող ենք ասել պատմական խաչմերուկի առաջ ենք կանգնած։
Եկեք դարձնենք այն խաղաղության խաչմերուկ»։
Կարծիքներ