Համաձայնագրի վավերացման դեպքում ՀՀ-ում արտադրված ապրանքը Սինգապուր ներմուծվելու է առանց ներմուծման մաքսատուրքի. Քերոբյան
«Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սինգապուրի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրի նպատակն է ստեղծել շահավետ պայմաններ փոխադարձ առևտրային հարաբերությունների զարգացման ու տնտեսական համագործակցության խթանման համար: Վերոնշյալ համաձայնագրի վավերացման հարցը քննարկվել է ԱԺ փետրվարի 10-ի նիստում: Այս մասին տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կողմերի սակագնային պարտավորությունների մասով արձանագրել է, որ ԵԱՏՄ պարտավորություններով ամրագրված անվանացանկը պարունակում է 12.229 ապրանք: Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո դրանցից 4.858 ապրանքատեսակի մասով նախատեսվում է 0 տոկոս մաքսատուրքի կիրարկում, 597 ապրանքատեսակի մասով նախատեսվում է մաքսատուրքի դրույքաչափի իջեցում մինչև 0 տոկոս երեք տարի հետո, 2.340 ապրանքատեսակի մասով՝ հինգ տարի հետո, 2.201 ապրանքատեսակի մասով՝ 7 տարի հետո և 716 ապրանքատեսակի մասով՝ 10 տարի հետո: Նախատեսված են նաև հանումներ 1.517 ապրանքատեսակի մասով:
Նախարարի խոսքով հաշվի առնելով Սինգապուրի առևտրատնտեսական առանձնահատկությունները՝ բանակցություններն իրականացվել են ինչպես ապրանքների առևտրի, այնպես էլ ծառայությունների և ներդրումների իրականացման մասով: Սինգապուրը համաձայնագրով պարտավորվում է չկիրառել ներմուծման մաքսատուրքեր ԵԱՏՄ ծագում ունեցող բոլոր ապրանքների նկատմամբ:
Համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 1-ին:
Վահան Քերոբյանը, անդրադառնալով տնտեսական աճի տեմպերին, նշել է, որ 2022 թվականին էական աճ է գրանցվել ՀՀ արտաքին առևտրաշրջանառության մեջ, մոտավորապես 70 տոկոսով աճել է արտաքին առևտրաշրջանառությունը: 3 երկրի հետ 1 մլրդ դոլարից ավելի շրջանառություն է գրանցվել. ՌԴ-ի հետ՝ 5 միլիարդից ավելի, հաջորդը Չինաստանն ու ԱՄԷ-ն են:
Հարցուպատասխանի և ելույթների ընթացքում անդրադարձ է եղել արտաքին առևտրի աճի միտումներին, արտահանման բլոկում տեղական արտադրության ապրանքատեսակներին, վերաարտադրմանը, համաձայնագրի տնտեսական նշանակությանը, Հայաստանի և Սինգապուրի միջև տնտեսական հետաքրքրությանը և այլ խնդիրների:
Վահան Քերոբյանը պարզաբանել է, որ անհրաժեշտ վերլուծություն կկատարվի, որպեսզի տեղական ընկերությունները տեղեկացված լինեն, թե որ ապրանքատեսակների մասով Հայաստանը կարող է մրցունակ լինել Սինգապուր արտահանումների մասով: Որպես երկկողմ համագործակցության կարևոր ուղղություններ՝ նախարարն առաջնային դիտարկել է տեխնոլոգիական համագործակցությունն ու ներդրումների ներգրավումը:
Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին հայտնել է Ալեքսեյ Սանդիկովը:
Կարծիքներ