Այվազյանն ու Լավրովն անդրադարձ են կատարել Արցախում առկա հումանիտար խնդիրներին

Այվազյանն ու Լավրովն անդրադարձ են կատարել Արցախում առկա հումանիտար խնդիրներին

ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ու Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ են կատարել նաև Արցախում առկա հումանիտար խնդիրներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Այվազյանը հայտնել է Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

«Արցախում կենսապայմանների վերականգնման նպատակով ձեռնարկվող քայլերի համատեքստում կցանկանայի ևս մեկ անգամ երախտագիտությամբ նշել ռուսական կողմի ջանքերը: Այսօր արցախցիների համար առավել քան կարևոր է մարդկանց իրենց տուն վերադառնալու, ենթակառուցվածքների, բնակելի ֆոնդի վերականգնման, բնականոն կյանքի հաստատման, առողջապահության հետ կապված խնդիրների լուծումը»,- ասաց Այվազյանը:

Սերգեյ Լավրովը Երևան է ժամանել երկօրյա այցով:

Մայիսի 6-ին նախատեսված է հանդիպում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտնել է, որ հանդիպումների ընթացքում նախատեսվում է հանգամանորեն քննարկել երկկողմ և տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև փոխգործակցությունը միջազգային հարթակներում: Զախարովան տեղեկացրել է, որ բանակցություններում քննարկման առաջնային թեման լինելու է Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 9-10-ն աշխատանքային այցով կլինի Բաքվում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում