Եթե Հայաստանը ՀԱՊԿ-ում է, նշանակում է, որ դեռ իմաստ է գտնում այդտեղ մնալու. Բաբկեն Թունյան
Եթե Հայաստանի համապատասխան կառույցների վերլուծությունները մի օր հանգեցնեն այն եզրակացությանը, որ ՀԱՊԿ-ից դուրս գալը Հայաստանի շահերից ավելի շատ է բխում, բնականաբար պետությունը պետք է առաջնորդվի իր շահերով, եթե Հայաստանը մնում է կառույցում, նշանակում է, որ դեռ իմաստ է գտնում այդտեղ մնալու:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային ժողովի իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն՝ անդրադառնալով Հայաստանի վարչապետի՝ ՀԱՊԿ-ի աշխատանքների մասնակցության սառեցման վերաբերյալ հայտարարությանը:
Անդրադառնալով ՀԱՊԿ-ին անդամությունը դադարեցնելու վերաբերյալ հարցին՝ պատգամավորն ասաց, որ թե անդամության դադարեցման նպատակ լիներ, կհայտարարվեր: «Այս պահին վարչապետը նկատի ունի, որ մեր ակտիվությունն այդ կառույցում գրեթե սառեցված է, քանի որ մենք հիմնականում գործողություններին չենք մասնակցում: Կարելի է ասել՝ ոչ թե Հայաստանն է ավելի շատ հեռացել ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ն է հեռացել Հայաստանից»,-ասաց Թունյանը:
Իսկ թե ինչո՞ւ է Հայաստանը շարունակում մնալ ՀԱՊԿ-ում՝ պատգամավորն ընդգծեց, որ ցանկացած որոշման դեպքում պետք է հաշվարկել ինչ-որ քայլ անելու կամ չանելու օգուտներն ու վնասները:
«Եթե մի օր մեր համապատասխան կառույցների վերլուծությունները կբերեն նրան, որ դուրս գալը ֆորմալ առումով Հայաստանի շահերից ավելի շատ է բխում, բնականաբար պետությունը պետք է առաջնորդվի իր շահերով: Եթե մենք մնում ենք այդ կառույցում, նշանակում է, որ դեռ իմաստ ենք գտնում այդտեղ մնալու»,-նշեց նա:
Կարծիքներ