Պատգամավորն առաջարկում է սեպտեմբերի վերջին շաբաթ օրը նշել որպես ազգային փոքրամասնությունների օր
ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի ներկայացրած նախագծին, որով առաջարկվում է սեպտեմբերի վերջին շաբաթ օրը նշել որպես ազգային փոքրամասնությունների օր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը հավանություն ստացավ հանձնաժողովի՝ հունվարի 11-ի նիստում:
«Առաջարկում եմ օրենքը լրացնել նոր հոդվածով. Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օր՝ նշվում է սեպտեմբերի վերջին շաբաթ օրը: Ճիշտ է Հայաստանը մոնոէթնիկ պետություն է, սակայն այնուամենայնիվ, ՀՀ-ում ապրում է շուրջ 11 ազգային փոքրամասնություն և Հայաստանի ազգային փոքրամասնությունները տարբեր ժամանակներում տարբեր դերակատարություն են ունեցել ՀՀ-ի կյանքում: Եվ կարծում եմ՝ անհրաժեշտ է, որ ազգային փոքրամասնությունների առանձին օր նշվի Հայաստանում»,-ասաց Բաքոյանը:
Պատգամավորի խոսքով՝ գոյություն ունի ազգային փոքրամասնությունների խորհուրդ, և այդ խորհուրդը աշնան սկզբին ազգային փոքրամասնությունների հետ անպայման որևէ մշակութային տոն է նշում: Եվ խորհրդի հետ քննարկելով է պատգամավորն առաջարկել տոնը նշել սեպտեմբերի վերջին շաբաթ օրը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը նշեց, որ կոնկրետ օր ամրագրելով՝ ավելի պարտավորված կլինեն տարբեր մշակութային միջոցառումների համատեքստում ավելի մեծ ուշադրություն դարձնել հենց ազգային փոքրամասնությունների մշակութային ինքնության ճանաչելիության բարձրացմանը:
Կարծիքներ