Forbes-ը հայտնել է 2020 թվականին Tesla-ի տնօրենի պաշտոնում Մասկի վաստակած ռեկորդային գումարի մասին
Էլեկտրամեքենաներ արտադրող Tesla ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Իլոն Մասկն անցյալ տարվա ընթացքում մոտ 11 մլրդ դոլարի եկամուտ է ունեցել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ներկայացնելով Forbes հեղինակավոր ամսագրի տվյալները:
Ամսագրի տեղեկություններով՝ 2018 թվականին Մասկը համաձայնեցրել էր վարձատրությունը ոչ թե գումարով, այլ ընկերության աճի որոշակի ցուցանիշի դեպքում բաժնետոմսերի տեսքով ստանալու հարցը: Դրա շնորհիվ ընկերությունը 2020 թվականին հնարավորություն է ընձեռել գլխավոր տնօրենին վերագնել արժեթղթերը, որոնց ներկայիս գինը կազմում է 13,3 մլրդ դոլար: Մինչդեռ դրանք ձեռք բերելու համար գործարարը ծախսել էր 2,3 մլրդ դոլար: Այդպիսով, Tesla-ի տնօրեինի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում ստացած եկամուտն անցյալ տարի կազմել է 11 մլրդ դոլար:
Միևնույն ժամանակ նշվում է, որ Մասկը դեռևս չի կարող իր եկամուտը արժեթղթից իրական գումարի վերածել, քանի որ ըստ համաձայնության՝ նա դրանք պետք է տնօրինի առնվազն 5 տարի:
Ըստ համաձայնագրի՝ ընկերության գլխավոր տնօրենը բոլոր սահմանված նպատակներին հասնելու պարագայում կարող է վերագնել 101,2 մլն արժեթուղթ, որոնց գինը ներկա պահին կազմում է 67,9 մլրդ դոլար:
Forbes-ի վերջին տվյալներով՝ Մասկը ներկա պահին երկրորդ ամենահարուստ մարդն է աշխարհում՝ 164,4 մլրդ դոլարով: Նա զիջում է միայն Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին, որի կարողությունը գնահատվում է 189,7 մլրդ դոլար:
Կարծիքներ