Համավարակի ֆոնին՝ Վրաստանում մահացության մակարդակը 30 տարվա ընթացքում հասել է ռեկորդային նշաձողի
Վրաստանում 2021 թվականի հունվար-նոյեմբերին մահացությունների թիվը գերազանցել է 53,4 հազարը, սա ամենավատ ցուցանիշն է տվյալների վերլուծության ողջ պատմության մեջ, այսինքն՝ 1994 թվականից ի վեր։Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության «Սաքստատ» անցյալ տարվա 11 ամիսների հաշվետվությունը ներկայացնում է BMG գործակալությունը։ Փոխանցում է jnews.ge-ն։
Ըստ տվյալների՝ բնակչության բնական անկումը, առանց միգրացիայի, 2021 թվականի հունվար-դեկտեմբերին հատել է 12,4 հազարի սահմանագիծը, ինչը նույնպես ռեկորդային է վերջին 27 տարիների համար։
Հաշվետու ժամանակահատվածում Վրաստանում ծնվել է 41 043 երեխա։ Այս թվերի հիման վրա ստացվում է, որ անցած տարի երկրում օրական միջինը 123 երեխա է ծնվել, 160 մարդ մահացել է։
2018-2020 թթ-ի Վիճակագրությունը.
2018 թ-ին՝ օրական միջինը ծնվում էր 140 երեխա, մահանում՝ 127 մարդ,
2019 թ-ին՝ օրական ծնվում էր 132 երեխա, մահանում՝ 128 մարդ,
2020 թ-ին՝ օրական միջինը ծնվում էր 127 երեխա, մահանում՝ 138 մարդ։
Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ամիրան Գամկրելիձեն երկրում ժողովրդագրական իրավիճակը տագնապալի է համարում։
«Սա այս տարվա ամենաանհանգստացնող տվյալներից մեկն է։ Հիշեցնենք, որ 2020 և 2021 թվականներին Covid-ի ազդեցությունը լուրջ էր… Ինչպես գիտեք, մենք Վրաստանում վերջին տասնամյակների ընթացքում ժողովրդագրական խնդիրներ ենք ունեցել, և սա երկրի ամենամեծ մարտահրավերներից մեկն է, բայց համավարակը խաղաց իր դերը դրանում, որ մեզ մոտ բնական աճ չգրանցվեց»,- ասել է Գամկրելիձեն։
2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ Վրաստանում բնակվում էր 3 726 800 մարդ։ Ակնհայտ է, որ մինչև 2022 թվականը նրանց թիվը նվազել է։ 1994 թվականին Վրաստանի բնակչության ընդհանուր թիվը գերազանցում էր 4,9 միլիոնը։
Կարծիքներ