Հայաստանը բարեկամ Կորեայից ակնկալում է ջանքերի գործադրում ՀՀ տարածքային ամբողջականության սատարման հարցում. Ալեն Սիմոնյանը՝ Կորեայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 17-ին ընդունել է ՀՀ-ում Կորեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դոհուն Լիին: ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանին ՀՀ-ում դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ և հաջողություններ մաղթել: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
Կողմերը կարևորել են երկկողմ հարաբերությունների զարգացումը՝ շեշտելով դրանց խորացման անհրաժեշտությունը՝ դրա վառ ապացույցը համարելով Հայաստանում և Կորեայում դիվանագիտական ներկայացուցչություններ հիմնելու երկուստեք մտադրությունը: Դոհուն Լին նշել է, որ անհամբեր սպասում է Հայաստանում Կորեայի դեսպանատան բացմանը, երբ իր երկրի դրոշը կծածանվի հյուրընկալ և խաղաղասեր Երևանում:
Հանդիպմանն անդրադարձ է եղել միջխորհրդարանական համագործակցության ձևաչափին, խորհրդարանների բարեկամական խմբերի միջև տեղի ունեցած արդյունավետ շփումներին:
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանի անվտանգային խնդիրները, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի ճակատագրին առնչվող մի շարք հարցեր: «Հայաստանն իր միջազգային գործընկերներից, ինչպես նաև բարեկամ Կորեայից ակնկալում է ջանքերի գործադրում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության սատարման հարցում, քանի որ այն շարունակ բախվում է ադրբեջանական ոտնձգություններին»,- նշել է Ալեն Սիմոնյանը:
Հանդիպմանը քննարկվել են նաև բազմոլորտ գործակցության լայն հնարավորությունները, որոնք նոր, փոխշահավետ ծրագրերի համար պարարտ հող են հանդիսանում:
Կարծիքներ