Գյումրեցի մահացած կնոջ ամուսինը պարզաբանել է, թե ինչու են հրաժարվել Covid 19-ի թեստավորումից
Գյումրիում հունիսի 15-ին երկկողմանի թոքաբորբով ու կորոնավիրուսի դրական հաստատումով մահացած գյումրեցի 66-ամյա կնոջ ամուսինը SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել, թե ինչու են կնոջը մինչև «Գյումրի» բժշկական կենտրոն տեղափոխելը հրաժարվել Կարմի խաչի պոլիկլինիկայի իրենց ընտանեկան բժշկուհու առաջարկած Covid-19-ի թեստավորումից։
Մահացած կնոջ ամուսինը՝ տեր Եզնիկ քահանա Գալստյանը, մեր թղթակցին ասել է, թե կինը վստահություն չի ունեցել թեստերի նկատմամբ։
«Կինս ուներ ջերմություն, դողացնում էր, թույլ էր։ Պոլիկլինիկայի բժշկուհին զանգահարեց ու ասաց, որ Էմման թող գա, թեստ հանձնի, հետո առաջարկեց հիվանդանոցում պառկել։ Ես էլ բժշկուհուն ասացի, որ կնոջս հետ խորհրդակցեմ, կասեմ։ Կինս իմացավ ու չհամաձայնեց թեստ հանձնել՝ ասելով, որ թեստերը տարբեր երկրներից են գալիս, վստահություն չկա։ Միասին գցեցինք-քաշեցինք, զանգեցինք բժշկին ու հայտնեցինք, որ Էմման համաձայն չէ թեստավորման:
Հետո բժշկուհին կանչեց ռենտգեն անցնելու, գնացինք, պատասխանը եկավ, որ Էմմայի մոտ թոքաբորբ է, ես էլ բժշկուհուն առաջարկեցի՝ նշանակեք բուժում, թող տանը սրսկվի, ինքը հիվանդանոցի անուն լսել չի ուզում: Ինքը 5 տարի առաջ սրտի վիրահատություն էր տարել, հետո էլի ամառ էր ու թոքաբորբ եղավ, բուժում նշանակեցին, էլի տանը սրսկվեց ու բուժվեց: Ասացի՝ հիմա էլ թող տան պայմաններում սրսկվի»,-պատմում է մահացած կնոջ ամուսինը:
Կնոջ ինքնազգացողությունը վատացել էր հունիսի 12-ին, 3 օր հիվանդը եղել է պոլիկլինիկայի բժիշկների հսկողության տակ, բուժում է նշանակվել, նրանց դարձյալ թեստավորում անցնելու առաջարկություն արել են պոլիկլինիկայից, բայց ապարդյուն, հրաժարվել են։
Մեր թղթակիցը զրուցել է նաև պոլիկլինիկայի տնօրենի՝ Հովհաննես Վարձելյանի հետ, վերջինս վստահեցրել է, որ հրաժարումը եղել է բանավոր։
«Իրենք բանավոր հրաժարվել են՝ պնդելով, որ կգան, հետո գրավոր կհիմնավորեն, բժշկուհին էլ, վստահելով իրենց պարկեշտությանը, չի մտածել, որ նման խնդիր էր առաջանալու: Ես համաձայն եմ, բանավոր չպետք է լիներ այս ամենը, որ այսօր նման խնդրի առջև չկանգնեինք: Ես նկատողություն եմ տվել բժշկուհուն, բայց ասեմ, որ կնոջ ամուսինը՝ տեր Եզնիկ քահանան, ինձ զանգել ու ասում էր, թե ինչու եմ նկատողություն տվել բժշկուհուն, ինքը մեղք չունի, թեստավորումից իրենք են հրաժարվել։ Մեր բժշկուհին նշանակումներ է արել ու հաճախակի կապի մեջ է եղել ընտանիքի հետ, հիվանդի վիճակով է հետաքրքրվել, առաջարկել է գնալ ինֆեկցիոն, կինն էլ ասել է՝ լավ է տանը մահանա, քան հիվանդանոց գնա։ Երկուշաբթի առավոտյան արդեն բժշկուհին զանգել ու իմացել է, որ տեղափոխում են հիվանդանոց»,- ասաց Գյումրիի Կարմիր խաչի անվան պոլիկլինիկայի տնօրենը։
66-ամյա կինը, որի մոտ պոլիկլինիկայում ախտորոշված է եղել երկկողմանի թոքաբորբ, ինֆեկցիոն հիվանդանոց չի տեղափոխվել, քանի որ թեստավորված չի եղել, ու, որպես անհետաձգելի դեպք, նրան տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն։
«Գյումրի» կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը մեզ ներկայացրեց, թե ինչ վիճակով է ընդունվել հիվանդը, առաջնային ինչ օգնություն է ցուցաբերվել ու երբ է թեստավորվել։
«Կինը մեզ մոտ է ընդունվել հունիսի 15-ի առավոտյան՝ 12։20-ին, երկկողմանի թոքաբորբով, 3-րդ աստիճանի շնչառական անբավարարությամբ, գիտակցությունը մթագնած, թույլ, հարցերին դժվարությամբ էր պատասխանում։ Նույն պահին բաժանմունք է տեղափոխվել ու միացվել թթվածնային սարք, այդ ընթացքում էլ կորոնավիրուսի նմուշառում է վերցվել։
Սակայն մինչև թեստի պատասխանը, ժամը 16։30-ին կինը մահացել է։ Թեստի պատասխանը ավելի ուշ՝ ժամը 22։00-ին են ստացել, ու եղել է դրական»,- ասել է «Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրենը:
Կարծիքներ