Արծաթն էժանանում է զգալի թանկացումից հետո
Արծաթի գինը երեքշաբթի առավոտյան շտկվում է զգալի թանկացումից հետո` մասնավոր ներդրողների ակտիվության աճի ֆոնին. ոսկին, ընդ որում, եւս էժանանում է, սակայն` շատ ավելի չափավոր, վկայում են աճուրդների տվյալները, փոխանցում է «Փրայմ»-ը:
Նյույորքյան Comex բորսայում արծաթի մարտյան ֆյուչերսների գինը նվազել է 2.76 տոկոսով եւ կազմել 28.605 դոլար ունցիայի դիմաց, իսկ ոսկու ապրիլյան ֆյուչերսների գինը նվազել է 0.35 տոկոսով կամ 6.8 դոլարով` մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 1.857 դոլար:
Արծաթի գները սկսել են նվազել չորս օր տեւած բուռն թանկացումից հետո: Նախորդ աճուրդային նստաշրջանների արդյունքներով արծաթը թանկացել էր 15 տոկոսով, իսկ նախօրեին դրան արժեքը մեկ ունցիայի դիմաց գերազանցել էր 30 դոլարը` առավելագույնի հասնելով գրեթե ութ տարվա ընթացքում:
Թանկարժեք մետաղի գնանշումների ակտիվ աճն այն բանի հետեւանք է, որ մասնավոր ներդրողների խումբը Reddit առցանց պլատֆորմում, որն ավելի վաղ «բարձրացրել էր» մի շարք ամերիկյան ընկերությունների գները, սկսել է ակտիվորեն արծաթ գնել շուկայում: Նախ սկսեցին թանկանալ արծաթի արդյունահանմամբ զբաղվող ընկերությունները, ապա դա անդրադարձավ նաեւ թանկարժեք մետաղի ֆյուչերսների գնի վրա:
Կարծիքներ