ՀՀ վարչապետը 750 մլն դոլարի եվրոբոնդերի թողարկումը համարում է տնտեսական տարվա ուժեղ դրական ազդակ
Հայաստանի կառավարությունը հաջողությամբ իրականացրել է 750 մլն դոլարի եվրոբոնդերի թողարկում, որը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համարում է տնտեսական տարվա մեկնարկի հզոր դրական ազդակ:
«Շատ կարևոր է արձանագրել, որ թողարկումը տեղի է ունեցել մեր հանրապետության պատմության ամենանպաստավոր պայմաններով՝ ամենացածր տոկոսով։ Եվ սա շատ կարևոր ազդակ է մեր տնտեսության համար։ Առաջինը, սրանով մակրոտնտեսական կայունության երաշխիք է ձևավորվել։ Երկրորդը, ըստ էության կարող ենք ասել, որ հետպատերազմյան տնտեսական շոկի հաղթահարման առաջին լրջագույն ազդակն է, ինչը նաև վկայում է, որ միջազգային ներդրողերը վստահություն են տածում Հայաստանի տնտեսական ապագայի և կառավարության կողմից վարվող քաղաքականության նկատմամբ»,- կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ քանի որ այս թեմայով կան որոշակի քննարկումներ, հարկ է համարում ընդգծել, որ այս թողարկումն ամենևին էլ արտառոց կամ արտակարգ երևույթ չէ, որովհետև նախատեսված է 2021 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման գործիքակազմում։
«Այս առումով կարող ենք արձանագրել, որ տնտեսական տարին սկսել ենք շատ ուժեղ դրական ազդակով։ Եվ հույս ունենք, որ այս դրական ազդակն իր հետ կառաջացնի շղթայական ռեակցիա։ Արձանագրեմ, որ թողարկման տոկոսը 3,8 տոկոս է։ Ուզում եմ հիշեցնել, որ 2019 թվականի թողարկումը, որը նույնպես շատ հաջող էր գնահատվում և կրկին աննախադեպ ցածր տոկոսով էր տեղի ունեցել, 4,2 տոկոսով էր։ Կարևոր է նշել, որ պահանջարկը եղել է շատ ավելի մեծ՝ շուրջ 3 միլիարդի, բայց մենք այս պահին որոշել ենք ներգրավել 750 մլն դոլարը»,- հավելեց նա։
Կարծիքներ