Ճապոնիան իրանցի չորս դատապարտյալի արտահանձնում է Թեհրան

Ճապոնիան իրանցի չորս դատապարտյալի արտահանձնում է Թեհրան

Իրանի արդարադատության փոխնախարար Մահմուդ Աբասին եւ Իրանում Ճապոնիայի դեսպան Այկավա Կազուտոշին քննարկել են իրավական ոլորտում համագործակցության ամրապնդման պլանները, գրում է Tasnim news-ը:

Անդրադառնալով 2016 թվականին Իրանի եւ Ճապոնիայի կողմից ստորագրված դատապարտյալների արտահանձնման պայմանագրին՝ Աբասին հայտնել է իրավական համագործակցությունն ավելի բարձր մակարդակի հասցնելու Իրանի պատրաստակամության մասին: Նա նաեւ առաջարկել է երկկողմ համաձայնագրեր կնքել` քաղաքացիական, քրեական եւ առեւտրային գործերով իրավական համագործակցության կարգավորման նպատակով: Աբասին նաեւ ողջունել է Ճապոնիայի տրամաբանական դիրքորոշումը միջազգային ֆորումներում  եւ ցուցաբերվող աջակցությունը Իրանին:

Իր հերթին, Ճապոնիայի դեսպանը մատնանշել է երկու երկրների երկարամյա հարաբերությունները եւ նրանց բարեկամական եւ արդյունավետ կապերը` ասելով, որ Ճապոնիան ողջունում է Իրանի հետ համագործակցության ընդլայնումն իրավական ոլորտում: Նա նաեւ նշել է, որ Ճապոնիան առաջիկա երկու շաբաթվա ընթացքում իրանցի չորս դատապարտյալի կտեղափոխի Թեհրան՝ բանտարկյալների արտահանձնման պայմանագրի համաձայն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում