Թուրքիան զսպվածության կոչ է արել Իրանին ու Պակիստանին
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի և Պակիստանի արտգործնախարարների հետ։ Քննարկվել է Իրանի ու Պակիստանի միջև լարվածությունը։
Ըստ դիվանագիտական աղբյուրների՝ Ֆիդանը շեշետել է, որ տարածաշրջանում չպետք է լինեն նոր խնդիրներ և զսպվածության կոչ է արել կողմերին։
Իրանի ու Պակիստանի արտգործնախարարները նշել են, որ իրենք ևս չեն ցանկանում, որ լարվածությունը սրվի։
Նույնաբովանդակ հայտարարություն է արել Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը՝ անդրադառնալով նաև Իրանի կողմից Հյուսիսային Իրաքի ուղղությամբ իրականացված հարձակմանը։
«Ցանկանում ենք, որ բոլոր հարցերը կարգավորվեն երկխոսության և համագործակցության ճանապարհով՝ առանց սպառնալու տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը։
Բարեկամական և եղբայրական Իրանին, Իրաքին և Պակիստանին կոչ ենք անում չափավորությամբ և ողջախոհությամբ ապահովել հանդարտություն։ Թուրքիան պատրաստ է տարածաշրջանային երկրների հետ կիսվել խաղաղ ճանապարհներով հակամարտությունների լուծման հարցում իր փորձառությամբ»,- նշված է Թուրքիայի արտգործնախարարության գրավոր հայտարարության մեջ։
Կարծիքներ