Նախատեսվում է Հայաստանից արտահանել 2020-ի համեմատ 2 անգամ ավելի կոնյակի սպիրտ

Նախատեսվում է Հայաստանից արտահանել 2020-ի համեմատ 2 անգամ ավելի կոնյակի սպիրտ

Այս տարի Հայաստանից նախատեսվում է արտահանել 9 մլն լիտր կոնյակի սպիրտ։ Այդ մասին կառավարության նիստում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ավելացնելով, որ գործադիրն այս տարվա համար 900 մլն դրամ կհատկացնի կոնյակի սպիրտի արտահանման տուրքի փոխհատուցման համար, որը 9 մլն լիտր կոնյակի սպիրտի արտահանման խթանմանն ուղղված ծրագիր է։ Նախարարը տեղեկացրեց, որ նախորդ տարի երկրից արտահանվել է մոտ 4․4 մլն լիտր կոնյակի սպիրտ։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ սա կարևոր որոշում էր, որը կայացվել է ճգնաժամային տարում։ «Այս գործընթացում նաև շատ կարևոր է, որ խաղողի մթերումների և խաղողի այգիների իրական պատկերը մենք սկսենք ստանալ Հայաստանում, որպեսզի նաև հստակ լինեն այն ծավալները, որոնք մթերվում են։ Այս գործիքով նաև մեկ այլ բան ենք ասում տնտեսավարողներին, որ այնուամենայնիվ այս գործընթացը պետք է լինի մաքսիմալ թափանցիկ, և խաղողի իրական ծավալների հետ կապված մեր բոլոր մտահոգությունները պետք է փարատված լինեն»,- ասաց փոխվարչապետը։

Վահան Քերոբյանը հավելեց, որ խնդիրն իսկապես լուրջ է։ «Մի շարք մեծ խնդիրներ են առաջացել մթերումը վերահսկելու կամ հետևելու մթերման գործընթացին։ Եվ, կարծում եմ, որ մենք արդեն պետք է թվային մեթոդների կիրառմամբ լուծենք այդ հարցը, որպեսզի շատ աշխատուժ չներգրավենք խաղողի մթերման գործընթացը մոնիթորինգ անելու հարցում»,- նշեց նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում