Զինվորական դատախազն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան
2021թ. հուլիսի 15-ին ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանի ուղեկցությամբ հերթական այցն է կատարել ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան՝ տեղում ծանոթանալու զորակոչի կազմակերպման գործընթացին:
ՀՀ զինվորական դատախազն անձամբ հետևել է անցկացվող վիճակահանությանը, դրա անցկացման կարգի և պայմանների պահպանմանը: Նա կարևորել է այն հանգամանքը, որ զորակոչիկների կողմից վիճակահանության անաչառությամբ մտահոգություններ կամ դժգոհություններ չեն արտահայտվել:
Վահե Հարությունյանը ներկա է գտնվել նաև կենտրոնական հավաքակայանում անցկացվող բժշկական հետազոտությունների կազմակերպմանը, որի ընթացքում առանձնազրույցներ է ունեցել բժիշկ-մասնագետների հետ:
Զինվորական դատախազին զեկուցվել է, որ առկա են կրկնակի հետազոտություններ անցկացնելու նպատակով զորակոչիկներին ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանից ետ վերադարձնելու դեպքեր: Այդ կապակցությամբ վերջինս հանձնարարել է վեր հանել պատճառները և զեկուցել:
Ելնելով վիճակահանության, բժշկական հետազոտությունների ընթացքից, դրանց վերաբերյալ ներկայացված առաջարկություններից՝ ՀՀ զինվորական դատախազը ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետին տվել է զորակոչի գործընթացի կազմակերպչական մակարդակն առավել բարելավվելուն ուղղված կոնկրետ հանձնարարականներ:
Կենտրոնական հավաքակայանում զինվորական դատախազը հանդիպել է նաև զորակոչիկներին, հետաքրքրվել զորակոչի ընթացքում իրենց հետ տարվող գործընթացների վերաբերյալ նրանց կարծիքներով:
Այցի վերջում Վահե Հարությունյանը բարի ծառայություն է մաղթել երիտասարդներին՝ վստահեցնելով, որ զորակոչիկների պատշաճ ծառայությունը, այդ ընթացքում նրանց իրավունքների պաշտպանությունը լինելու է զինվորական դատախազության առաջնային ուշադրության կենտրոնում:
Կարծիքներ