Բելգիական Լիեժ քաղաքի օդանավակայանում խոշոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ, լուսանկարներ)
Լույս հուլիսի 23-ին խոշոր հրդեհ է բռնկվել բելգիական Լիեժ քաղաքի օդանավակայանում: Այս մասին տեղեկացնում է Tele Liege հեռուստաալիքը:
Ըստ աղբյուրի տեղեկությունների` հրդեհը բռնկվել է Aeroservices ընկերությանը սպասարկող անգարում: Տուժածների մասին տեղեկություններ չկան:
Օդանավակայանի պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Դելկուրը տեղեկացրել է, որ 3 չվերթ վերաուղարկվել է այլ օդանավակայան, բայց օդանավակայանի ամբողջական աշխատանքի դադարեցում տեղի չի ունեցել: Նրա խոսքով` հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել է ամբողջ հրշեջ ծառայությունը, օդաչուներն էլ իրենք են որոշում կայացրել՝ վայրէջք կատարել, թե ոչ:
Դելկուրը տեղեկացրել է նաև, որ օդանավակայանում գտնող խոշոր օդանավերը չեն վնասվել, սակայն փոքր ինքնաթիռները հնարավոր է մնացած լինեն հրդեհված անգարում:
Հրդեհը հաջողվել է մարել միայն տեղի ժամանակով կեսգիշերից հետո (Երևանի ժամանակով՝ մոտ 02:00-ին):
Օդանավակայանի աշխատակազմի տվյալներով` հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել, սակայն զգալի նյութական վնաս է հասցվել:
«Օդանավակայանում ժամը 22:30-ին ուժեղ հրդեհ է բռնկվել: Բարեբախտաբար, զոհեր չեն եղել, բայց զգալի վնաս է հասցվել ուղևորային տերմինալի կողքին գտնվող B30 կառույցին: Իրավիճակը ներկայում հսկողության տակ է»,-ասված է օդանավակայանի տարածած հաղորդագրության մեջ:
Կարծիքներ