Հայ, ռուս եւ ադրբեջանցի զինվորականները այսօր մի քանի ժամ սահմանազատման աշխատանքներ են իրականացրել Քարվաճառում․ Ալթունյան
Հայկական ժամանակը գրում է.
Քանի որ Քարվաճառի ուղղությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահման չի եղել, հիմա երբ Քարվաճառը վերադարձվել է Ադրբեջանին՝ վերջնական սահմանազատում է իրականացվում։ ՀԺ-ի հետ զրույց ասաց ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանը
Նրա խոսքով՝ ինչպես մեր այնպես էլ Ադրբեջանի զինված ուժերը ըստ Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանի պետք է իրենց մարտական հենակետերը տեղադրեն, իրենց ծառայությունը կատարեն եւ այլն։
«Որպեսզի որեւէ խնդիր հետագայում չլինի՝ ռուսական կողմի մասնակցությամբ՝ հայ, ռուս եւ ադրբեջանցի զինվորականները այսօր մի քանի ժամ իրականացրել են այդ աշխատանքները։ Ադրբեջանցի զինվորների տեղաշարժն այդ տարածքում պայմանավորված է եղել բացառապես դրանով՝ GPS սարքերով հայ, ռուս եւ ադրբեջանցի զինվորականները համատեղ ճշգրտել են սահմանները, իրակնացրել են սահմանազատումը, որպեսզի հետագայում որեւէ խնդիր չառաջանա՝ ինչպես մեր, այնպես էլ ադրբեջանցիների համար»,- ասաց Ալթունյանը։
Հարցին՝ սոցցանցերում շրջանառվող տեղեկությունները, թե ադրբեջանցիները 80 հոգով Սոթք են մտել, միջադեպ է եղել՝ ճի՞շտ է, թե՝ ոչ, Ալթունյանը պատասխանեց. «Մենք նման տեղեկատվություն չունենք։ Արդեն որերորդ անգամ ենք փորձում պարզել։ Ես կարող եմ միայն ասել այն, թե ինչ գործընթաց է տեղի ունեցել՝ սահմանազատման»։
Նա նշեց, որ մեր զինծառայողները տարածքում են. «Այնտեղ մենք շատ հզոր զորամիավորում ունենք, որը երկար տարիներ պաշտպանել է Քարվաճառը։ Վերջին պատերազմի ընթացքում եւս անառիկ մնացած տարածքներից մեկն է եղել որտեղ ադրբեջանցիները որեւէ բան չեն կարողացել անել։ Այնտեղ մեր զինվորականները կանգնած են եւ որեւէ մեկը չի կարող անել մի բան եւ մնալ անպատիժ, դա բացառվում է»։
Թեմայի վերաբերյալ ՀԺ-ն փորձեց պարզաբանում ստանալ նաեւ, Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանից եւ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանից, սակայն նրանց հեռախոսահամարները կամ հասանելի չէին կամ զանգերին չէին պատասխանում։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում, թե՛ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, թե՛ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարեցին, որ ադրբեջանցիները կոտրել են Քարվաճառում դրված դարպասները եւ առաջ են գալիս։
Կարծիքներ