Կանադայի ԱԳ նախարարը Մնացականյանի հետ զրույցում կարևորել է վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումը
Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում Շամպայնը գրել է, որ կարևորում է ԼՂ հակամարտությունում միջազգային վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումը:
«Ես խոսել եմ Զոհրաբ Մնացականյանի հետ: Մենք առաջնահերթ կարևորություն ենք տալիս Ղարաբաղում կրակի դադարեցմանը, որպեսզի վերջ դրվի մարդկային կորուստներն ու տառապանքներին: Կարևոր առաջնահերթություններից է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից վերիֆիկացիոն մեխանիզմների ստեղծումը: Արտաքին ուժերը պետք է մնան հակամարտությունից դուրս»,- գրել է Շամպայնը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է ավելի քան 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120-ից ավելի քաղաքացիական անձ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Կարծիքներ