Ժոզեֆ Բորելը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա․ Բորելն ու Լավրովը կքննարկեն ԼՂ իրավիճակի հետագա կայունացման հարցը

Ժոզեֆ Բորելը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա․ Բորելն ու Լավրովը կքննարկեն ԼՂ իրավիճակի հետագա կայունացման հարցը

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, կողմերը կքննարկեն նաև Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետագա կայունացման հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տարածած հաղորդագրությամբ հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:

Գերատեսչության հաղորդագրությունում ասվում է, որ փետրվարի 4-6-ը Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Փետրվարի 5-ին նրան կընդունի Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Հանդիպման ընթացքում կքննարկվեն Ռուսաստան-ԵՄ հարաբերությունների խնդիրներն ու հեռանկարները:

«Նախատեսվում է նաև մտքերի լայն փոխանակություն՝ միջազգային օրակարգի արդիական թեմաների շուրջ, այդ թվում իրավիճակը՝ Արևմտյան Բալկանների տարածաշրջանում, Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, ԱՊՀ տարածքում: Կքննարկվեն իրանական միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի կարգավորման համար համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի իրականացման հեռանկարները, Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետագա կայունացումը, Եվրոպայում անվտանգության խնդիրները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ»,-ասված է հայտարարությունում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում