Ինչ առանցքային կետեր է ներառում ԼՂՀ-ի ճանաչման վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը
Րոպեներ առաջ Ֆրանսիայի Հանրապետության Սենատը պատմական որոշում է կայացրել՝ ընդունելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևը, որը ներկայացվել էր Սենատի 5 քաղաքական խմբակցությունների կողմից։
Բանաձևը, ի թիվս այլ դրույթների, ներառում է հետևյալ առանցքային կետերը.
առաջարկում է կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը,
դատապարտում է Թուրքիայի և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիան ու պահանջում ադրբեջանական զորքերի դուրսբերում սեպտեմբերի 27-ից ի վեր պատերազմական գործողությունների արդյունքում գրավված տարածքներից,
պահանջում է կառավարությունից գործադրել բոլոր հնարավոր ջանքերը Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցային գործընթացի վերսկսման համար, ինչը կապահովի 1994 թվականի հաստատված սահմանների վերականգնումը, հայ բնակչության անվտանգությունը և տեղահանված անձանց վերադարձը, ինչպես նաև կպաշտպանի հայկական մշակութային ու կրոնական ժառանգությունը։
Բանաձևում, հիշատակելով ադրբեջանական իշխանությունների կողմից Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի և Մարաղայի հայկական ջարդերը և հղում անելով Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ԵԽ) ու Ռասայական խտրականության հարցերով ՄԱԿ կոմիտեի (CERD)` Ադրբեջանի վերաբերյալ զեկույցներին, արձանագրվում է Ադրբեջանում հայ բնակչության ապրելու անհնարինությունը։
Կարծիքներ