Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են Սյունիքում ստեղծված իրադրությունը

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են Սյունիքում ստեղծված իրադրությունը

Մայիսի 14-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Ռազմավարական դաշնակից երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Սյունիքի մարզում ստեղծված իրադրությունը։

Վաղարշակ Հարությունյանը ռուսաստանցի գործընկերոջը ներկայացրել է ստեղծված իրադրությունում հայկական կողմի գործողությունները, նշելով, որ բոլոր այն վայրերում, այդ թվում նաեւ Սեւ լճում, ուր ներխուժել են ադրբեջանցիները, թե՛ ամբողջ տեղանքը, թե՛ զինվորականները եւ թե՛ նրանց ապահոման ճանապարհները գտնվում են հայկական բանակի լիարժեք վերահսկողության տակ։

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը, կարեւորելով իրադրության խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը, միեւնույն ժամանակ, անթույլատրելի է համարել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հանդեպ ցանկացած ոտնձգություն։

Հեռախոսազրույցի ընթացքում Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են նաեւ հայ-ռուսական ռազմական համագործակցությանը, Արցախում ռուսական խաղաղապահ զորախբի առաքելությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։