Մեկնարկել է եկամտային հարկից ուսման վարձի փոխհատուցման գործընթացը
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է՝ կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի թիվ 1035-Ն որոշմամբ հաստատված մասնագիտությունների ցանկով՝ ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորողները կարող են իրենց ուսման վարձը փոխհատուցել եկամտային հարկից։ Այն տրվում է աշխատող ուսանողի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով:
ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ ուսման վարձի փոխհատուցման իրավունքից կարող են օգտվել վարձու աշխատող հանդիսացող սովորող (ուսանող) ֆիզիկական անձինք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, միայն մեկ մասնագիտություն ձեռք բերելու համար:
Եկամտային հարկի հաշվարկման և վճարման հաշվետու նույն ժամանակաշրջանում ուսման վարձի փոխհատուցման և ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված՝ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների վերադարձից միաժամանակ օգտվելու իրավունք ունեցող ֆիզիկական անձը կարող է օգտվել դրանցից միայն մեկից:
Վճարված ուսման վարձավճարի չափով առաջին անգամ եկամտային հարկի գումարների վերադարձման համար ուսանողը հարկային մարմին պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը․
ՊԵԿ նախագահի 25․12․2020թ․ N 1240-Լ հրամանով սահմանված ձևի դիմում,
Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատության հետ կնքված պայմանագրի պատճենը, ուսանողի անձը հաստատող փաստաթուղթ` ՀՀ քաղաքացու անձնագիրը կամ նույնականացման քարտը,
հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, ուսումնական հաստատության ղեկավարի կողմից տրամադրված տեղեկանք՝ ուսանողի մասնագիտության, կրթական աստիճանի, կուրսի, ինչպես նաև տվյալ մասնագիտության համար սահմանված և վճարված տարեկան ուսման վարձավճարի չափի վերաբերյալ։
Հետագա հաշվետու տարիներին վճարված եկամտային հարկի գումարները վերադարձնելու համար ուսանողը հարկային մարմին պետք է ներկայացնի եկամտային հարկի վերադարձման համար հարկային մարմնի կողմից սահմանված ձևի դիմում, ինչպես նաև վճարված տարեկան ուսման վարձի չափի վերաբերյալ ուսումնական հաստատության ղեկավարի կողմից տրամադրված տեղեկանք, եթե մինչև այդ ներկայացված մյուս տեղեկատվությունը մնացել է անփոփոխ:
Անհրաժեշտ փաստաթղթերը հարկային մարմին են ներկայացվում ուսումնական տարվա ավարտից հետո՝ երեք ամսվա ընթացքում։ Ուսումնական տարին հաջողությամբ ավարտված համարելու համար անհրաժեշտ բոլոր քննություններն ուսումնական տարվա ավարտից հետո հանձնելու դեպքում՝ փաստաթղթերը հարկային մարմին են ներկայացվում ուսումնական տարվա ավարտից հետո՝ 6 ամսվա ընթացքում:
Եկամտային հարկի վերադարձման մերժման հիմքերի բացակայության դեպքում ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման գործառույթ իրականացնող ստորաբաժանումը դիմումը ներկայացնելուն հաջորդող ութ աշխատանքային օրվա ընթացքում կազմում է վերադարձվող գումարի վերաբերյալ հարկային մարմնի կողմից սահմանված ձևի եզրակացություն և ուղարկում է հարկային մարմնի՝ եկամտային հարկի վերադարձման գործառույթ իրականացնող ստորաբաժանում՝ եզրակացությունների հիման վրա վերադարձը, օրենքով սահմանված պահանջներին համապատասխան, կատարելու հանգամանքներն ստուգելու և հաշվառում իրականացնելու համար: Եկամտային հարկի վերադարձման գործառույթ իրականացնող ստորաբաժանման կողմից ընդունվելու դեպքում ոչ ուշ, քան եզրակացությունն ստանալու օրվան հաջորդող ութերորդ աշխատանքային օրը գանձապետարան է ներկայացվում վճարման հանձնարարական:
Հանձնարարականը ներկայացվելու օրվանից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, վերադարձվող գումարը փոխանցվում է ուսանողի բանկային հաշվին:
Վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց` ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանված է Կառավարության 2020թ․ հուլիսի 3-ի թիվ 1125-Ն որոշմամբ։
https://www.petekamutner.am/mdNews.aspx?sid=src&nid=8192
https://disk.yandex.ru/edit/disk/disk%2FDownloads%2FUsman_vardz_dimumi_dzev.docx
Կարծիքներ