Կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդկանց թիվն աշխարհում գերազանցել է վարակվածների թիվը. ԱՀԿ

Կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդկանց թիվն աշխարհում գերազանցել է վարակվածների թիվը. ԱՀԿ

Կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդկանց թիվն աշխարհում գերազանցել է վարակվածների թիվը: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Ամբողջ աշխարհում պատվաստումների թիվը գերազանցել է վարակվածների թվին: Մի կողմից, սա լավ նորություն է և զարմանալի ձեռքբերում այսքան կարճ ժամանակահատվածում: Բայց այս պատվաստումների ավելի քան երեք քառորդը տեղի է ունեցել ընդամենը 10 երկրում, որտեղ կուտակված է համաշխարհային ՀՆԱ-ի գրեթե 60%-ը»,- ասել է նա ճեպազրույցում:

ԱՀԿ ղեկավարն ընդգծել է, որ շուրջ 130 երկիր, որոնց ընդհանուր բնակչությունը կազմում է 2,5 միլիարդ մարդ, դեռ չեն ստացել պատվաստանյութի նույնիսկ առաջին չափաբաժինը: Նա կրկնել է իր կոչը այն պետություններին, որոնք արդեն պատվաստել են բնակչության ամենախոցելի հատվածին և առողջապահության ոլորտի աշխատողներին`հավելյալ պատվաստանյութեր ունենալու դեպքում դրանք տրամադրել այլ երկրների՝ նախքան զանգվածային պատվաստումները շարունակելը:
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում