Բիլ Գեյթսը հայտնել է համավարակից հետո մարդկության համար երկու սպառնալիքները
Microsoft-ի հիմնադիր, միլիարդատեր Բիլ Գեյթսը Veritasium YouTube-ալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակից հետո մարդկության համար երկու սպառնալիքները կլիմայի փոփոխությունն ու կենսաահաբեկչությունն են՝ տեղեկացնում է RIA Novosti-ն։
«Դրանցից մեկը կլիմայի փոփոխությունն է»,- ասել է Գեյթսը՝ պատասխանելով վտանգների մասին հարցին, որոնց աշխարհը պատրաստ չէ: Նրա կարծիքով, յուրաքանչյուր տարի այդ գործոնի պատճառով մահացության մակարդակը լինելու է «նույնիսկ ավելի բարձր», քան ընթացիկ համավարակի ժամանակ: Երկրորդ սպառնալիքը, ըստ նրա կենսաահաբեկչությունն է։
«Որևէ մեկը, ով ցանկանում է վնաս հասցնել, կարող է վիրուս ստեղծել, իսկ դա նշանակում է, որ դրա հետ բախվելու հավանականությունն ավելի մեծ է բնական համաճարակների համեմատությամբ»,- հավելել է Գեյթսը:
Ավելի վաղ Microsoft-ի հիմնադիրը գերմանական Süddeutsche Zeitung հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ աշխարհը պատրաստ չէ հաջորդ համավարակին, որը կարող է տասն անգամ ավելի վատը լինել COVID-19-ի համավարակից: «Ես հուսով եմ, որ երկու տարի անց իրադրությունն այլ կլինի: Պատվաստանյութեր, թեստեր, դեղամիջոցներ, համաճարակաբանություն, մոնիթորինգ. անելու շատ բան կա»,- ասել է նա: Գեյթսի կարծիքով, կորոնավիրուսը դարձել է առօրյայի մի մասն այն նույն չափով, որքանով որ երկրաշարժերը, տոռնադոն կամ կլիմայի փոփոխությունը, միևնույն ժամանակ սպառնալիքի նման տեսակին պատասխանը պետք է գլոբալ լինի։
Կարծիքներ